Պորոշենկոյի և Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ Միլանում

16:09 • 09.10.14

Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոն և Վլադիմիր Պուտինը կարող են «նորմանդական ձևաչափով» հանդիպել Միլանում, որտեղ կանցկացվի Ասիա-Եվրոպա ֆորումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Իտալիայում ֆորումի գագաթաժողովին երկու երկրների նախագահների հանդիպման հնարավորության մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

 

Նրա խոսքով՝ հանդիպումը հնարավոր է, այսպես կոչված, նորմանդական ձևաչափով, այսինքն՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ:

 

Նման հանդիպումը կայացել է հունիսին Նորմանդիայում դաշնակից զորքերի իջեցման 70-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ:

 

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին նույնպես հնարավոր է համարել «նորմանդական ձևաչափով» հանդիպումը: