Մենք գումար ստանալու հնարավորություն ունենք ոչ միայն ռուսական, այլև՝ միջազգային ֆինանսական ինստիտուտներից. Ռուբեն Վարդանյան
Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ռուսական ռուբլու տատանումները չեն կարող չազդել հայաստանյան բանկային համակարգի, շուկայում գների փոփոխությունների վրա: Լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ամերիաբանկի» խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն ազդում Հայաստանի բանկային համակարգի, շուկայում գների փոփոխությունների վրա:
«Բայցևայնպես, մենք ուղղակի կախվածություն չունենք, մենք գումար ստանալու հնարավորություն ունենք ոչ միայն ռուսական, այլ նաև՝ միջազգային ֆինանսական ինստիտուտներից: Ներկա իրավիճակում Հայաստանը լավ հնարավորություն ունի ճիշտ դրամավարկային քաղաքականության պայմաններում գները պահպանել նույն մակարդակի վրա»,- ասաց Ռուբեն Վարդանյանը:
Ի դեպ, գործարարն ասաց նաև, թե հայկական բանկերի համախմբումն անխուսափելի է։
«21 բանկը Հայաստանի համար բավականին շատ է: Որպեսզի բանկերը կարողանան արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը և համապատասխանեն միջազգային չափանիշներին, պետք է խոշորանան: Դա անհրաժեշտ է նաև նոր ներդրողների ներգրավվման համար»,- նշեց Ռուբեն Վարդանյանը:










