Ամեն ոք կարող է օգտվել իր իրավունքից. ԲՀԿ-ականները՝ հանրահավաքին չմասնակցողներին «ճաք տվածներ» պիտակավորելու մասին
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը, կարող է գնալ, կարող է՝ չգնալ հանրահավաքի և դրա համար որևէ մեկը որևէ մեկին չի կարող պիտակավորել: Tert.am–ի հետ զրույցում, ըստ էության, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո), ի պատասխան հարցի, թե կիսո՞ւմ է կայքերից մեկի հոդվածագրի այն կարծիքը, թե ով չմասնակցի հանրահավաքին, ապա «ճաք տված է»:
«Ճաք տված են, Ճաք տված չեն, ես ի՞նչ իմանամ, ով որ ասել է, նրան հարցրա,– ասաց Ռուբեն Գևորգյանը և ավելացրեց,– Ամեն մեկն իր կարծիքն ունի՝ կգնա, չի գնա, ո՞վ իրավունք ունի մարդուն վիրավորի, կամ էլ՝ չվիրավորի, կամ էլ՝ ինչ-որ պիտակներ կպցնի»:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ում ևս ուղղել էինք նույն հարցը, ի պատասխան ասաց, որ այն անլուրջ է, այսինքն՝ «Ճիշտ չէ, չի սազում և պետք չէ ուղղել»:
ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը՝ ի պատասխան հարցի, թե կիսո՞ւմ է կարծիքը, որ ով չմասնակցի հանրահավաքին, «ճաք տված է», ասաց. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը հայտնելու իրավունք, նույն կերպ՝ յուրաքանչյուր ոք ունի իր բողոքը հայտնելու իրավունք և որքանով քաղաքացին կօգտվի իր իրավունքից դա արդեն իր գործն է: Այդ հանրահավաքը ժողովրդի բողոքի հանրահավաք է և եթե գալու են հանրահավաքի, պարզապես օգտվում են իրենց գալու իրավունքից, եթե չեն գալիս, օգտվում են՝ չգալու իրենց իրավունքից: Հետևաբար, իմ գնահատմամբ՝ այստեղ որևէ այլ կարծիք չի կարող լինել»:
Ի պատասխան հարցի, թե հետևաբար ճի՞շտ է՝ ճաք տված անվանել մարդուն, ով չի մասնակցում հանրահավաքին», ԲՀԿ-ական պատգամավորը կրկնեց.«Չեմ ուզում գնահատականներ տալ այդ ձևակերպումների հետ կապված, ես պարզապես գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օգտվել իր իրավունքից, կգա՝ իր իրավունքն է, չի գա, էլի իր իրավունքն է»:










