Ադրբեջանում սպանված Կարեն Պետրոսյանի գործով ՄԻԵԴ-ում սկսած գործընթացը շարունակելու ենք. Լարիսա Ալավերդյանը

21:16 • 10.10.14

«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դին Հայաստան տեղափոխելու հարցին, ասաց, որ հաջորդ գործընթացը պետք է լինի դատաբժշկական փորձաքննությունը:

 

«Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպությունն անպայման կհետևի Կարեն Պետրոսյանի ընտանիքին, որպեսզի կարողանանք մեղմացնել նրանց հասցված սթրեսային վիճակը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

 

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դին ԿԽՄԿ-ի անկախ միջնորդությամբ այսօր փոխանցել են Հայաստանին:



«Մեր աշխատանքային խումբը, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ գործընթաց էր սկսել, այս օրերին կընդունի միասնական որոշում և հաղորդագրություն կտարածի: Մենք այդ գործընթացն անպայման շարունակելու ենք»,-փոխանցեց Լարիսա Ալավերդյանը: