Բելառուսում ավելի քան 100 ուկրաինացի երկրպագու է ձերբակալվել՝ Պուտինի մասին երգի պատճառով (տեսանյութ)
Բելառուսում հարյուրից ավելի ֆուտբոլի երկրպագու է ձերբակալվել Եվրո-2016 ընտրական փուլում Բելառուս-Ուկրաինա խաղից հետո: Ձերբակալվածներին տարել են Անվտանգության պետական կոմիտե, գրում է korrespondent.net-ը:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ ուկրաինացի երկրպագուներին ձերբակալել են հայհոյանքների համար: Մասնավորապես, բելառուսական Բորիսով-Արենա մարզադաշտում երկու թիմերի երկրպագուները Պուտինի մասին վիրավորական երգ են երգել:
Իրավիճակի կարգավորմամբ զբաղվում է Բելառուսում Ուկրաինայի դեսպանատունը:
Ուկրաինացի երկրպագուներին դատ է սպասվում, ինչից հետո, հավանաբար, նրանք կտուգանվեն և կվտարվեն երկրից: Ամենաակտիվներին սպառնում է մինչև 15 օր ազատազրկում:










