Կարտոֆիլի արտահանման քանակը պահպանելու համար պետք է թարմացվի կարտոֆիլի թե՛ սերմացուն, թե՛ տեսակները. Հրաչ Բերբերյան

22:00 • 10.10.14

Հայաստանն սկսել է մեծ քանակությամբ կարտոֆիլ արտահանել և որպեսզի չկորցնի վրացական շուկայում իր տեղը, պետք է առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում կատարվի կարտոֆիլի սորտի և սերմացուի թարմացում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

 

«Այսօր գյուղացիները հաճախ օգտագործում են 3-ից 5 տարվա սերմացու, այդ պատճառով էլ շատ անգամ բերքը կորցնում է ապրանքային տեսքը և քանակը: Բոլոր նրանք, ովքեր ագրոտնտեսական կանոնները պահպանել են, նորմալ բերք են ստացել: Այս տարի ամբողջ աշխարհում կարտոֆիլի խնդիր կա: Այս տարի մեզ մոտ էլ ավելի քիչ բերք է ստացվել, քան նախորդ տարի: Օրինակ՝ Շիրակի մարզում երկարատև շոգի պատճառով ավելի քիչ բերք է ստացվել»,-ասաց նա:

 

Հրաչ Բերբերյանը գնի շարունակական բարձրացման պատճառը համարում է արտահանումը:
«Հայաստանում խթանվում է կարտոֆիլի արտահանումը, ինչը շատ լավ է, բայց արտահանման հետևանքով մեզ մոտ աճում է գինը: Եթե մենք կարողանանք ավելի լավ սորտեր ցանել, ավելի շատ բերք կստանանք, և խնդիրը կլուծվի»,-ասաց նա: