Լուկաշենկոն կոչ է արել դադարեցնել ուկրաինական կոնֆլիկտը և «տղամարդավարի» խոսել ԱՊՀ-ի մասին

13:30 • 10.10.14

Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովի մասնակիցների առաջ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Բացարձակ անընդունելի է, երբ մեզ մոտ Եվրոպայի կենտրոնում մարտական գործողություններ են ընթանում: Կոնֆլիկտի կողմերին անհրաժեշտ է ոչ միայն շտապ դադարեցնել մարտական գործողությունները, այլև իրականացնել Մինսկի պայմանավորվածությունները»,- հայտարարել է նախագահը:

 

Բացի այդ, Լուկաշենկոն ընդգծել է ԱՊՀ-ում անվտանգության հարցերի լուծման անհրաժեշտությունը: «Մենք պետք է ԱՊՀ-ի շրջանակներում ավելի շատ ուշադրություն դարձնենք դրան: Անթույլատրելի է, երբ Ուկրաինային վերաբերող արդի հարցերը որոշվում են ինչ-որ տեղ հեռվում՝ կամ Բեռլինում, կամ Միլանում: Այդ դեպքում ինչո՞ւ դիմել մեզ»,- հայտարարել է Լուկաշենկոն:

 

«Եկել է ժամանակն անկեղծ, տղամարդավարի խոսելու ԱՊՀ-ի ճակատագրի մասին»,- ասել է Բելառուսի նախագահը: