Հայաստանից երիտասարդների խումբը 5 օր ապրել և մարտական պատրաստություն է անցել արցախյան զորամասում. լուսանկարներ

20:54 • 10.10.14

Օրերս Արցախից վերադարձել է Հայաստանից մեկնած երիտասարդների 53-հոգանոց խումբը, որի բոլոր անդամները քաղաքացիական անձինք են:
 

Խումբը «Մարտական պատրաստության ակումբի» նախաձեռնության շրջանակներում մարտական ու կրակային պատրաստության, զենքի տիրապետման դասընթացներ է անցել Արցախի N զորամասում, այցելել դիրքեր, հանդիպումներ ունեցել բարձրաստիճան զինվորականների հետ:


Նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ ՊՆ-ի և Արցախի Պաշտպանության բանակի գործուն աջակցությամբ: «Մարտականի երրորդ դասակը», ինչպես «Ակումբի» ներսում անվանում են պատրաստություն անցնող թիմին, ընդհանուր առմաբ 5 օր է անցկացրել զորամասում:
 

Այդ ընթացքում նախաձեռնության մասնակիցները գտնվել, սնվել և գիշերել են զորամասում՝ զինվորներների կողքին, բանակային կարգուկանոնին ու հայ զինվորի ճաշացանկին, գրաֆիկին համապատասխան, զորամասում քայլել ու տեղաշարժվել ըստ կանոնադրության:
 

Կրակային պատրաստության դասընթացը Ակումբի «մարտիկները» նշանառության առաջադրանք-վարժություններ են կատարել, թիրախների կրակել տարբեր զենքերից: Հետաքրքրական է, որ կրակային պատրաստվածությանը առանձնապես աչքի են ընկել խմբի իգական սեռի ներկայացուցիչները:
 

Հինգ օրերի ընթացքում Մարտական ակումբի անդամները հնարավորություն են ունեցել նաև այցելել Արցախի ամենատարբեր տեսարժան վայրեր՝ Ամարաս ու Գանձասար, Շուշի և Ստեփանակերտ, այլուր՝ իրենց այցելությունները սկսելով հարգանքի տուրքից Արցախյան ազատամարտի հերոսների պանթեոնից:
 

Մարտական ակումբի նախաձեռնության հեղինակ «Աշխարհազոր» կազմակերպության նախագահ Րաֆֆի Գևորգյանն ասում է, որ այս կերպ «Մարտական ակումբի մասնակիցները մեկ քայլով ավելի են մոտեցել բանակին, ծանոթացել զինծառայության իրական բարդություններին ու հետաքրքրություններին»:
 

Նախաձեռնությունն իրականացվում է 2013-ի սեպտեմբերից: Այժմյանը երրորդն էր: Արցախի զինվորականները պատրաստակամություն են հայտնել ընդառաջել նախաձեռնությանը և ընդունել հաջորդ խմբերին:

Photo: Մարտական ողջույն :)
Մարտական պատրաստության ակումբի 60 մասնակիցները այսօր վերադարձան Արցախից… Սպասեք նկարների և նորությունների Արցախից: :)