Մենք ահազանգել ենք, որ ԵԽԽՎ-ն արժեքների կազմակերպությունից վեր է ածվում շահերի կազմակերպության. Հ. Նաղդալյան
ԱԺ փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ անցած շաբաթվա ընթացքում ԵԽԽՎ-ում հաստատված «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույց պատրաստելու որոշմանը:
Նաղդալյանը նշեց, թե բոլորն են քաջատեղյակ, որ բոլոր միջազգային ատյաններում և հատկապես ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը տարիներ շարունակ նպատակամղված աշխատանք է տանում՝ ձգտելով պոկել մեկ ադրբեջանանպաստ փաստաթուղթ: Դրա համար լայնածավալ ստվերային աշխատանք է տարվում Ադրբեջանի պատվիրակների կողմից, որոնց էլ տուրք են տալիս եվրոպացի որոշ պատվիրակներ:
«Մենք քանի տարի առաջ ահազանգել ենք, որ ԵԽԽՎ աստիճանանբար արժեքների կազմակերպությունից վեր է ածվում շահերի կազմակերպության»,-նշեց նա:
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ այս «սուբյեկտիվ» գործոնից բացի գոյություն ունի օբյեկտիվ գործոն, որը կապված է վերջին շրջանում լայն թափ առած՝ ազգերի իրավունքի ճանաչման գործընթացի հետ: Ըստ նրա, սակայն, մի շարք խոշոր պետությունների շահերից չի բխում դա, և ըստ այդմ էլ փորձում են խոչընդոտել այդ միտումը: Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ նման խնդիրներ ունեն Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան: «Այստեղից էլ առաջանում է բնական գործընկերության ու շահերի զուգադիպություն»,-ասաց նա:
Հերմինե Նաղդալյանը նշեց, թե ադրբեջանական նման նկրտումները ժամանակ առ ժամանակ սրացումներ են ունենում այնպես, ինչպես եղել է այն ժամանակ, երբ ԵԽԽՎ-ն ղեկավարել է ազգությամբ թուրք գործիչը: Ըստ նրա, այսօր էլ նպաստավոր պահ է Ադրբեջանի համար, որովհետև Ադրբեջանի նախագահության շրջանն է, և թեև իրենք մի քանի անգամ կարողացել են խոչընդոտել զեկույցի վերսկսման մասին որոշման կայացմանը, ի վերջո դա կայացվել է:
«Այնուամենայնիվ, այսօր ունենք այն, ինչ ունենք, և հանձնաժողովի նիստում ես հայտարարեցի, որ մեր պատվիրակության որոշումն է՝ չմասնակցել այս զեկույցի պատրաստման աշխատանքներին և չհամագործակցել զեկույցի շրջանակներում զեկուցողի հետ: Ուզում եմ ընդգծել, որ մեր պատվիրակության կազմում 8 հոգուց 5-ը խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ են, իրենք իրենց քաղաքական դիրքորոշումներն ու մոտեցումներն ասել են այս հարցի վերաբերյալ քննարկումների ժամանակ, և այն արգումենտները, որ մենք ընտրել ենք հնչեցնելու համար, եղել են համատեղ և այս ամենի արդյունքում մեր պատվիրակության որոշումն է եղել, որ լավագույն ճանապարհն այս զեկույցի կազմման ամբողջ ժամանակի համար, լինելու է զեկույցը բոյկոտելը, որի մասին մենք հայտարարել ենք»,-եզրափակեց նա:










