ԱՄՆ-ն Ղրիմն «օկուպացրած» Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել փոքրամասնությունների հալածանքները
ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը հրապարակված է կառույցի կայքում:
Ըստ այդմ՝ ամերիկյան կողմը նշում է, որ Ղրիմն «օկուպացրած» Ռուսաստանը դեռ իր զինուժն ու տեխնիկան ունի Ուկրաինայի տարածքում: Ռուսաստանին կոչ է արվում չխախտել Ուկրաինայի ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ Մինսկում ձեռք բերված սկզբունքները:
Նշվում է, որ Ռուսաստանը սատարում է անջատողականներին զենքով և մեծ ազդեցություն ունի նրանց վրա: Միաժամանակ «Ռուսաստանի օկուպանտ իշխանություններին» կոչ է արվում դադարեցնել Ղրիմում էթնիկ և կրթական փոքրամասնությունների հալածանքները: Նկատվում է, որ «ռուսական օկուպացիայից ի վեր Ղրիմում վատթարացել է մարդու իրավունքների վիճակը»:
Միևնույն ժամանակ, Ուկրաինային դրվատանքի խոսքեր են ասվում հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերի համար:










