Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը մեկ նախադասություն է ասել, որը մեկնաբանման տեղիք էլ չի տալիս. Հեղինե Բիշարյան

22:10 • 11.10.14

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդամենը մեկ նախադասություն է ասել, որը մեկնաբանման տեղիք էլ չի տալիս: Tert.am-ի հետ զրույցում ԱԺ ոչ իշխանական ուժերի եռյակի հրավիրած հանրահավաքում ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ «Օրինաց երկիր» կուսակցությանը վերաբերող հատվածը այսպես մեկնաբանեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

 


Հիշեցնենք, որ երեկ հրավիրված հանրահավաքում ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ասաց, թե «հակառակ որոշ հորինված կասկածների ու բամբասանքների՝ Ռոբերտ Քոչարյանը և «Օրինաց երկիր» կուսակցությունը այս շարժման հետ որևէ առնչություն չունեն։ Եթե նրանք ուզում են մեզնից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք նրանց»։

 

«Նա պարզապես մատնանշեց, որ բացի իրենց քառյակից, որը հիմա համալրվել է, կան էլի ընդդիմադիր ուժեր՝ «Օրինաց երկիրը», Ռոբերտ Քոչարյանը, որոնք պայքարում են, թող պայքարեն: Այսինքն՝ ինքը ողջունեց, որ կան այդպիսի ուժեր»,-ասաց տիկին Բիշարյանը:

 


Գնահատական տալով եռյակի անցկացրած հանրահավաքին՝ Հեղինե Բիշարյանն ասաց, թե ամբողջությամբ չի դիտել հանրահավաքը, բայց կարող է ասել, որ այն անցել է նորմալ:
«Որքան իրազեկ եմ, գիտեմ, որ տեղի է ունեցել, գիտեմ, որ հանրահավաքը կազմակերպած չորս ուժը խոսել են, և նորմալ ավարտվել է»,-ասաց Հեղինե Բիշարյանը: