Միլիոնատեր դարձած մուրացկանն իր երախտագիտությունն է հայտնել իրեն ժամանակին օգնած անցորդին` 160 000 դոլար նվիրելով

21:20 • 11.10.14

Այս պատմությունը կարող է վերականգնել հավատը մարդկության հանդեպ: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` չինացի գործարարը, ով ժամանակին փողոցում օգնություն էր խնդրում անցորդներից, այժմ փոխհատուցում է իր նկատմամբ ցուցաբերված բարության համար` իր բարերարին 1 մլն յուան (160 000 դոլար) առաջարկելով:


Պատմությունն սկսվել է 1993-ին, երբ 17-ամյա Հի Ռոնգֆենգն իր աղքատ ընտանիքը պահելու համար ստիպված էր մուրացկանություն անել փողոցում՝ Չինաստանի Տայչժոու քաղաքում: Ընկերների հետ աշխատանք փնտրելու եկած երիտասարդին բախտը չի ժպտում, և նրանք ստիպված են լինում մուրացկանություն անել` չունենալով ո'չ գումար, ո'չ էլ սնունդ:


Հանդիպելով նրանց փողոցում` մոտակայքում լապշայի խանութ ունեցող կինը նրանց տուն է տանում, կերակրում և մի շարք ծանոթների զանգելով` նրանց համար աշխատանք գտնում այլ քաղաքում, այնուհետև նրանց գնացքի գումար է տալիս և ճանապարհում:


Տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքի արդյունքում չինացին կարողանում է հաջողության հասնել Շենյան քաղաքում: 38 տարեկան Ռոնգֆենգը 21 տարի անց վերադառնում է Տայչժոու և գտնելով իրեն ժամանակին ձեռք մեկնած կնոջը` 45-ամյա Դաիին, իր երախտագիտությունն է հայտնում նրա բարության դիմաց: