Դիլիջանի միջազգային դպրոցն ունի 96 աշակերտ և 25 ուսուցիչ. դպրոցը պաշտոնապես բացվեց
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այսօր տեղի ունեցավ UWC Dilijan College-ի բացումը, որն «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ տարածքում: Ներկայումս Դիլիջանի դպրոցում սովորում է 16-17 տարեկան 96 աշակերտ, 2023թ-ին նախատեսվում է դպրոցը հասցնել լիակատար ծանրաբեռնվածության և այդ ժամանակ աշակերտների թիվը կկազմի 650, իսկ ուսուցիչներինը՝ ավել քան 60, ներկայիս 25-ի փոխարեն:
Մինչ պաշտոնական բացումը դպրոցի հիմնադիր-գործընկեր Ռուբեն Վարդանյանը հրավիրված մամուլի ասուլիսին մեծ շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց ովքեր հավատացել են ծրագրին և աջակցել իրականացմանը: Նա հույս հայտնեց, որ Դիլիջանի դպրոցը օրինակ կդառնա համաշխարհային կրթական ստանդարտներին ձևավորմանը: Նա նաև հույս հայտնեց, որ դպրոցը կօգնի տեղի հայկական դպրոցների կրթական մակարդակը բարելավել:
Դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Ջոն Փադըֆուդը նշեց, որ դպրոցում դասավանդվում է մաթեմատիկա, օտար լեզուներ, սակայն դրանց թվում հայերենը չի առաջարկվում որպես օտար լեզու: Տնօրենը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կուսուցանվի նաև հայերեն: Դպրոցում իրականացվելու են մի շարք գիտական ծրագրեր:
Նշենք, որ նախագծի իրականացմանը իրենց օժանդակությունն են բերել ավելի քան 200 դոնոր աշխարհի տարբեր երկրներից: Դպրոցի շինարարությունն իրականացվում է դոնորների միջոցների հաշվին: Բացման պահի դրությամբ զուտ շինարարական ծախսը կազմել է 115 միլիոն դոլար: Երկրորդ փուլի շինարարության արժեքը 75 միլիոն դոլար է: Նախատեսվում է, որ ամբողջ ընթացքում նախագծի հավելյալ ծախսը` հողատարածքի գնում, ճարտարապետաինժեներական աշխատանքներ և ենթակառուցվածքների զարգացումը չի գերազանցի 30 միլիոն դոլարը: Հավելենք, որ դպրոցի օպերացիոն բյուջեն մոտակա 5 տարիներին միջինում կկազմի տարեկան 8 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստանում միջազգային դպրոցի ստեղծման գաղափարը ծագել էր դեռևս 2006 թվականին, իսկ շինարարությունը մեկնարկեց 6 տարի անց:
Դպրոցում ուսուցումը հայերեն է և իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma ծրագրով: 2017թ-ից Դիլիջանի դպրոցում կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը:
Դպրոցի բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Սերբիայի Նախագահը, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։










