Կատարվում է շատ լուրջ քաղաքական գործընթաց. քննարկում Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու շուրջ
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրելու թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ այսօր մենք ականատես ենք լինելու նոր աշխարհաքաղաքական գործընթացների: «Ստորագրությամբ Հայաստանը չի դառնում անդամ, սա պայմանագիր է, որը պետք է վավերացվի»,- ասաց նա և նշեց, որ մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու Բելառուսի և Ղազախստանի հետ:
«Մենք հիշենք, որ ունենք հենց հոկտեմբերի 10-ին ստորագրված Ցյուրիխյան պայմանագիրը, որն արդեն հինգ տարի է, չի վավերացվում»,- ասաց նա:
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, համարում է, որ այդ ստորագրությամբ կատարվում է շատ լուրջ քաղաքական գործընթաց: Անդրադառնալով Հայաստանի և ԼՂՀ-ի միջև հնարավոր մաքսակետ լինելուն, նա ասաց, որ դա արհեստական հարց է, որովհետև բոլորը հասկանում են, որ ԼՂՀ ժողովուրդը հումանիտար աղետի չի կարող վերածվել, միայն նրա համար որ մի պետություն պահանջում է այնտեղ մաքսակետ դնել: Ըստ նրա՝ Ղազախստանը դա ասում է ավել շատ Ադրբեջանին հաճոյանալու համար: «Այստեղ ձևավորվում է միայն տնտեսական կառույց»,- ասաց նա և նշեց, որ եթե նույնիսկ մաքսակետ դրվի, դա ֆորմալ բնույթ է կրելու:
Արա Պապյանը նշեց, որ թեև Նազարբաևը խոսում էր փոխզիջումից, սակայն ոչ մի փոխզիջումային տարբերակ պայմանագրում չի ամրագրվում, իսկ մնացածը բանավոր ջենտլմենական պայմանավորվածություններ են, որոնք կարող են գործել մեկ կամ երեք տարի: «Եթե հետագայում ղազախները պնդեն, որ պետք է դրվի այդ մաքսակետը, քանի որ դուք ստորագրել եք, մենք ի՞նչ պետք է անենք»,- նշեց նա:
Նա նկատեց, որ ԵՏՄ անդամակցության հիմնական դրդապատճառը Ղարաբաղն էր համարվում, իսկ հիմա Ղարաբաղը ընդհանրապես խաղից դուրս վիճակում է: «Ես վստահ եմ, որ խնդիրներ ենք ունենալու»,- հավելեց նա:
«Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը համարում է, որ կարող է լինել ինչ-որ մի մաքսակետ, որը կկրի զուտ ֆորմալ բնույթ՝ զրոյական դրույքաչափերով: «Մենք կարող ենք այդ ճկունությունը ցուցաբերել»,- նշեց նա։
Իրանի Իսլամական Հանրապետությունից փորձագետ Փույա Հոսեինը անդրադառնալով ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի հետ Իրանի հարաբերություններին, ասաց, որ բազմիցս հայտարարվել է, որ մինչև այդ փաստաթղթերը չուսումնասիրվեն, չեն կարող իրենց ապագա ծրագրերը մշակել: «Նախքան սա գործ ունեինք Հայաստան-Իրանի հարաբերության հետ, իսկ հիմա գործ ունենք Իրան-Մաքսային միության սահմանների հետ»,- ասաց նա:
Փորձագետը նշեց, որ թեև որոշ խնդիրներ կառաջանան, սակայն Իրանը կարող է Հայաստանի միջոցով աշխատել Մաքսային միության հետ: Նա ասաց, որ հնարավոր է այստեղ Իրանից ներդրումներ արվեն և այդ արտադրանքն արտահանեն ՄՄ երկրներ:










