Փաստորեն Նազարբաևը հրաժարվեց ԼՂ հարցի կարևորումից, և դա տեղի ունեցավ Ալիևի ներկայությամբ. քաղաքագետներ
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ անցած տարի սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանն անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը, այլընտրանք չուներ և մեկ տարի անց ՀՀ-ն դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ, որն ըստ նրա, ինչքան տնտեսական կառույց է, այնքան էլ քաղաքական։
«Ժամանակակից աշխարհում տնտեսությունն ու քաղաքականությունը սերտաճած են և այդ առումով տնտեսությունը դարձել է քաղաքական հարցերի լուծման կարևոր գործոն»,- ասաց նա և խոսելով միությունից Հայաստանի հնարավոր օգուտներից ու վնասներից՝ փաստեց, թե չկա այնպիսի քաղաքական գործընթաց, որն ունենա միմիայն դրական հետևանքներ։ «Ցանկացած համագործակցության ձևաչափ ունի նաև իր գինը»,- նշեց նա և խնդրեց հաշվի առնել Ռուսաստանի ծանրակշիռ կապիտալը ՀՀ շուկայում, Հայաստանի տնտեսության սերտ կապը ռուսական տնտեսության հետ, Ռուսաստանից եկող տրանսվերտները։
Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի տնտեսությունը շատ ավելի ազատական է, քան ԵՏՄ մյուս անդամ երկրների տնտեսական համակարգերը։ «Մեր մաքսատուրքերը ապրանքների արտահանման և ներմուծման համար գրեթե զրոյական են, լուրջ արտոնություններ կան և այստեղ կան խնդիրներ, որոնք պահանջում են քրտնաջան աշխատանք»,- նշեց նա։
Խոսելով ԵՏՄ կառույցին անդամակցելու քաղաքական նշանակությունից, մասնավորապես՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունից, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում եկել են փոխզիջման, ինչը վերաբերվում է նաև Հայաստանի սահմաններին, ապա Հմայակ Հովհաննիսյանը նշեց, թե դա նման էր հայկական կոմպլեմենտարիզմի ջատագով Վարդան Օսկանյանի՝ ժամանակին առաջ քաշած թեզին՝ «մի հարցրու, որ չպատասխանեմ»։
«Այդ հայտարարությունը դա է նշանակում, այսինքն՝ հարցը հանվում է, հարցի կարևորումից Նազարբաևը հրաժարվեց փաստորեն, և դա տեղի ունեցավ Իլհամ Ալիևի ներկայությամբ, որը նույնպես Մինսկում էր։ Համենայն դեպս այդ ձևակերպման քողի տակ ես դա եմ տեսնում, որ հարցը չի կարևորվում, չի դրվում օրակարգ, չի մտնում շրջանառության մեջ»,- ասաց նա։
Ինչ վերաբերվում է այն դիտարկումներին, թե ԵՏՄ անդամակցությունը ինքնիշխանությանը սպառնացող վտանգ է, ապա քաղաքագետը հակադարձեց. «Դա հարց է փիլիսոփայական հարթությունից, այսինքն՝ ինքնիշխանություն ասելով որպես այդպիսին ինչ են հասկանում, երևի թե այսօր 100 տոկոսով ինքնիշխան են մի քանի երկիր, որոնք ինքնաբավ են՝ դա ԱՄՆ-ն է, պուտինյան Ռուսաստանը, Չինաստանը, Իրանն է գուցե և էլի գուցե մեկ կամ երկու երկիր էլ։ Այնպես որ չգիտեմ որ իմաստով եք ասում, ինքնիշխանությունը պետք է ապահովի երկրի անվտանգության ու տնտեսական ճյուղերը հենց երկրի կողմից վերահսկվելու հնարավորությամբ»։
Անդրադառնալով ՀՀ-ի ԵՄ-ից մեկուսացվելու հնարավորությանը, Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ այդ մեկուսացումից հնարավոր կլինի խուսափել միայն այն դեպքում, եթե բաժանարար գծեր չառաջանան։ «Հայաստանն իր քաղաքականությամբ պետք է և կարող է դրան նպաստել, այսինքն՝ ներդաշնակ հարաբերություններ ձևավորեն նաև ԵՄ-ի միջև, այդտեղ պետք էլ չի այս հարցին նայել հոռետեսորեն։ Այո՛, հիմա կան իսկապես լուրջ հարցեր՝ կապված ուկրաինական դեպքերի հետ, բայց այդ դժվարություններն անցողիկ են, և ի վերջո, պատմության զարգացման տրամաբանությունը կթելադրի, որպեսզի ԵՄ-ն և ԵՏՄ-ն գտնեն արդյունավետ, ներդաշնակ համագործակցության բանալիներ»,- եզրափակեց նա։
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց, թե ԵՏՄ անդամակցությունից Հայաստանը շահող դուրս կգա, թե՝ կորցնող, կապված է միմիայն կառավարող դասակարգից։
«Հիմա անհրաժեշտություն է կրթված, աշխարհ տեսած և երկրի շահերը գնահատող հայրենասեր էլիտայի, սա բացառիկ նշանակություն է ստանում մեզ մոտ, քանի որ հենց այդ դասակարգը պետք է կարողանա ապահովել բարձր մակարդակ։ Եթե այդպես եղավ կշահենք, եթե ձախողվեց, ուրեմն պատճառը կառավարող դասակարգն է, որը էլիտա չէ, որը չի կարող երկրի տեր լինել ու ժողովրդի համակրանքն ունենալ»,- նշեց նա։
Մյուս հարցերում՝ անվտանգության նկատառումով, եղած քայքայված տնտեսության հարցով, Հայաստանը միմիայն շահած դուրս կգա։ «Տնտեսության հարցով, թե հաշվի առնենք մեր տնտեսության քայքայվածության աստիճանը, անշուշտ այստեղ էլ շահավետ շատ բաներ կան և անհրաժեշտ էլիտա ունենալու դեպքում կարող են Հայաստանի շահերը ռեալիզացնել և մասնակից դարձնել Ռուսաստանի արդյունաբերական տնտեսական վերափոխումներին, որ մեկուսացման պայմաններում Ռուսաստանը փորձում է ունենալ։ Հայաստանն այս հարցում կարող է լաբորատորիա լինել, բայց եթե սուբյեկտիվ գործոնը լինի»,- նշեց նա։
Ըստ Շիրինյանի՝ բացասական կարող է լինել այն, որ նույն էլիտան պետք է պատրաստ լինի դիմակայել ռուսական մշակույթի ներթափանցմանը։
«Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը արտաքին քաղաքականության դաշտում Ռուսաստանի գործողությունները գնահատում է որպես քաղաքական ինչ-որ մեխանիզմների ստեղծում և ոչ ավելին։ «Այսինքն՝ Ռուսաստանը փորձում է ինչ-որ քաղաքական բևեռ ստեղծել և այդ ինտեգրացիոն պրոյեկտների տեսքով փորձում է այդ քաղաքականությունը փաթաթել այս կամ այն երկրի վզին: Հիմա սա էլ կատարվում է, ես ուրիշ բան այստեղ չեմ տեսնում, և բացարձակ պարզ չէ, թե ինչպես է այդ ամենն արտահայտելու տնտեսական ոլորտում»,- ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ միջպետական կազմակերպության մեջ մտնելով երկիրը հավելյալ պատասխանատվություն է վերցնում իր վրա, իսկ թե արդյունքում ինչ է ստացվել,ասաց. «Չեն բացատրում, կբացատրեն գուցե անդամակցությունից հետո՝ կտեսնենք»։
Դիտարկմանը, թե այդուհանդերձ հաշվարկվել է ընդհանուր բյուջեն և տնտեսության համար որոշակի հիմք է նշվել, Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ տեսել որևէ հստակ վերլուծություն, որևէ հարցի պատասխան չկա, ոչ ոք հստակ չի խոսում դրա մասին: Ոչ մեկի չի էլ հետաքրքրում այդ հիմնադրամները, դրա մեջ քաղաքականություն են տեսնում»:
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությանը՝ քաղաքագետը հարցրեց. «Ի՞նչ է նշանակում Հայաստանի սահմանների մասով գնալ կոմպրոմիսի, չեմ հասկանում փոխե՞լ են Հայաստանի սահմանները: Այդ մասին պետք է Սերժ Սարգսյանը բացատրություն տա։ Դրա հիման վրա կարելի է վերլուծել, հիմա կոնկրետ ինֆորմացիա չկա, իսկ իշխանություններն այդ մասին որևէ բան չեն ասել»:










