Ամենայն Հայոց կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի պատրիարքն այցելել են Ծիծեռնակաբերդ

13:24 • 11.10.14

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը և Ն.Ս. Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքը Մայր աթոռ Սբ Էջմիածնի միաբանների և Ասորի Եկեղեցու պատվիրակության ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։


Ծաղկեպսակների զետեղումից հետո հուշահամալիրում` անմար կրակի մոտ, նախագահությամբ Հայաստանյայց Առաքելական և Ասորի Ուղղափառ եկեղեցիների հովվապետերի, կատարվել է հոգեհանգստյան արարողություն բյուրավոր հայ և ասորի նահատակների լույս հոգիների հանգստության համար:

 
Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքը ծանոթացան նաև Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի սրահներում կազմակերպված ժամանակավոր ցուցադրությանը: