Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Թբիլիսիի պատվիրակության հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Գեորգի Սոլոմոնիայի գլխավորած պատվիրակության անդամների հետ, ովքեր Երևան են ժամանել՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության միջոցառումներին:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ ողջունելով և շնորհակալություն հայտնելով հյուրերին՝ հրավերն ընդունելու և տոնը միասին նշելու պատրաստակամության համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ-վրացական դարավոր բարեկամությունն ու կարևորել համագործակցության խորացումը:
«Լինելով հարևան, գործընկեր ու քույր քաղաքներ՝ ուրախ եմ, որ այսօր Երևանում եք և մեզ հետ տոնելու եք քաղաքի օրը: Միաժամանակ կարևոր է տարբեր ոլորտներում երկկողմ գործընկերային կապերի ընդլայնումն ու զարգացումը: 2013-ի տարեվերջին Թբիլիսի կատարած այցիս ընթացքում բացեցինք Երևանի պուրակը, ինչը մեր մայրաքաղաքների բարեկամության ևս մեկ վկայությունն է»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Գեորգի Սոլոմոնիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Երևանին ու երևանցիներին ուղղված Թբիլիսիի քաղաքապետի շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է փոխանցել տոնի կապակցությամբ:
«Երևանը մեզ համար կարևոր գործընկեր է, և մենք շահագրգիռ ենք էլ ավելի զարգացնել ձևավորված երկուստեք գործակցային կապերը: Այդ առումով «Էրեբունի-Երևանը» ևս մեկ հնարավորություն է քննարկելու համագործակցության խորացման հետագա քայլերը»,-նշել է Գեորգի Սոլոմոնիան և Թբիլիսիի քաղաքապետի անունից Տարոն Մարգարյանին հրավիրել է հոկտեմբերի վերջին այցելել Վրաստանի մայրաքաղաք՝ մասնակցելու քաղաքի օրվան՝ Թբիլիսոբային նվիրված միջոցառումներին:










