Պեկինը հրաժարվել է փոխել Հոնկոնգի կառավարման մոդելը

11:00 • 11.10.14

Չինաստանը հրաժարվել է փոխել հատուկ վարչական շրջան Հոնկոնգի կառավարման մոդելը, հայտարարել է Չինաստանի պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը Գերմանիա կատարած այցի ընթացքում, հաղորդում է lenta.ru-ն:

 

Նրա խոսքով՝ վարչական շրջանի կառավարությունը կկարողանա «սոցիալական կայունություն» ապահովել բնակիչներին:

 

«Չինաստանի կենտրոնական կառավարությունը Հոնկոնգը ղեկավարելու ժամանակ միշտ ուղղորդվել է «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքով: Ինչպես մենք համոզվել ենք մեր փորձից, այդ քաղաքականությունը չի փոխվել, և ոչ մի փոփոխություններ չեն նախատեսվում»,- հայտարարել է Լի Կեցյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Նրա խոսքով՝ «Հոնկոնգի բարգավաճման և կայունության հարցում հետաքրքրված է ոչ միայն Չինաստանը, այլև վարչական շրջանի բնակիչները»: Ընդ որում՝ վարչապետը հավելել է, որ Պեկինը կպաշտպանի Հոնկոնգում բոլոր օտարերկրյա ներդրողների օրինական շահերը: