«Ապրել շիոզֆրենիայով». Հայաստանում շիզոտիպիկ խանգարումներով 10 000 մարդ է ապրում
Հայաստանում հաշվառված է գրեթե 46.000 հոգեկան հիվանդություն ունեցող մարդ, որոնցից մոտ 10.000-ի մոտ առկա են շիզոֆրենիա և շիզոտիպիկ խանգարումներ: 46.000-ից հաշմանդամ է գրեթե 20.000-ը: Տվյալները ՀՀ առողջապահության նախարարությանն են, որոնք ներկայացվել են Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան:
Հիշեցնենք, որ 1992թ.-ից ի վեր ողջ աշխարհում և Հայաստանում հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից հոկտեմբերի 10-ը հռչակված է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: Այդ օրվա խորհուրդն է մեկ անգամ ևս հասարակության, կառավարությունների, կազմակերպությունների և անհատների ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների վրա: Իսկ այս տարվա կարգախոսն է. «Ապրել շիզոֆրենիայով»:
Հոգեբանական գիտությունների թեկնածու Կարինե Նալչաջյանը Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցի, թե արդյո՞ք սոցիալ-տնտեսական պայմանները չեն Հայաստանում նման ախտորոշում ունեցող անձանց մեծ թվի պատճառը, նկատեց. «Հոգեկան առողջության պահպանման խնդիրը գոյություն ունի միշտ և ամենուրեք: Նույնիսկ ամենաբարեկեցիկ հասարակություններում, եթե բարեկեցության, տնտեսական խնդիրների հետ եք կապում: Բայց, իհարկե, կան նաև յուրահատկություններ»:
Ըստ Կարինե Նալչաջյանի՝ բացի անհատական, զուտ անձնական բնույթի խնդիրներից, կան ավելի հասարակարգային հարցեր։
Նույն անձը, օրինակ, կարող է իր կյանքի տարբեր փուլերում հոգեկան խնդիրներին առնչվել, բախվել, դուրս գալ կամ չկարողանալ դուրս գալ դրանցից, բայց բացի զուտ անձնային կողմից, կան նաև, այսպես կոչված՝ հասարակական նևրոզներ:
«Այսինքն՝ այն հասարակությունը, որում ապրում ենք, այն միջավայրը, բնականաբար, յուրովի է ազդում մեր հոգեկան աշխարհի վրա. մենք հասարակության մասնիկն ենք և չենք կարող զերծ մնալ այն խնդիրներից, որոնք մեր առաջ դնում է հասարակական, սոցիալական ու քաղաքական կյանքը։ Այս իմաստով, իհարկե, ցանկացած երկիր ունի իր ուրույն հոգեբանական տարածքն ու միջավայրը: Մենք նույնպես յուրահատուկ ենք այս առումով, ինչպես յուրահատուկ են մյուս հասարակությունները, պետությունները և այլն»,-ասաց Կարինե Նալչաջյանը:
Նա, սակայն, ընդունեց, որ երբ առկա են սոցիալ-տնտեսական ճգնաժամ, քաղաքական վայրիվերումներ, ապա մարդիկ ակամայից ներգրավված են. «Մարդիկ քաղաքականացված չեն, եթե իրենց խնդիրները, առօրյա հոգսերը, քաղաքացիական պահանջները և այլն, հիմնականում բավարարված են, թեև մենք շատ լավ գիտենք, որ առաջադեմ, բարեկեցիկ երկրներում անգամ քաղաքացիական շարժումներ են առաջանում: Իսկ մերը յուրահատուկ է, որովհետև ճգնաժամային է մեր տնտեսությունը, և մեր քաղաքացին, անշուշտ, կրում է քաղաքական, տնտեսական ցնցումների, անակնկալների, սպասումների արդարացման-չարդարացման բոլոր հետևանքներն իր վրա»։
Ըստ հոգեբանի՝ ցանկացած մարդու կյանք լի է խնդիրներով ու սթրեսներով, ինչի վկայությունը հայտնի արտահայտությունն է, որ միայն մահացած մարդը սթրես չի ապրում։ Հետևաբար, ըստ Կարինե Նալչաջյանի, բնությունը մարդուն բավականին լավ պաշտպանված է ստեղծել՝ ամեն առիթով նևրոտիկ և փսիխոտիկ չդառնալու համար:
Մեր զրուցակից նշեց, որ ցավոք նաև լինում է խնդիրների այնպիսի որակ, քանակություն ու ինտենսիվություն, որ մարդու պաշտպանական համակարգը կարող է տեղի տալ՝ ընկրկել, ինչի արդյունքում մարդը կարող է ինչպես հոգեբանորեն կոտրվել, այնպես էլ կորցնել հոգեկան առողջությունը։
Խնդիրներին դիմակայելու համար՝ ներքին ուժ գտնելու իմաստով, հոգեբանը խորհուրդ է տալիս. «Հավատանք ինքներս մեզ, երբեք չմտածենք, որ մեր դիմացկունությունն արդեն կոտրվեց, վերջ, ու մենք այլևս ներուժ չունենք, ռեսուրսներ չունենք պայքարելու կյանքի դժվարություների դեմ։ Եթե մենք կարողանանք հաղթահարել պահը, մենք կտեսնենք, որ հաջորդ պահին՝ քիչ անց մեր մեջ արթնանում են դիմակայելու ներքին հոգեկան ուժեր, որոնց շնորհիվ մենք կրկին կուզենք ապրել, վայելել, իսկ դժվարությունները, խնդիրները՝ լուծել»:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 450 միլիոն մարդ ունի հոգեկան խանգարում, իսկ աշխարհի բնակչության 25%-ի մոտ կյանքի ընթացքում լինում է որևիցե հոգեկան խանգարում:
Ըստ ԱՀԿ մեկ այլ տվյալների՝ ինքնասպանություն կատարողների 60%-ի մոտ առկա է հոգեկան խանգարում,աշխարհում 26 միլիոն մարդ ապրում է «շիզոֆրենիա» ախտորոշմամբ: Հիվանդություն, որը հաշմանդամություն առաջացնող առաջատար պատճառներից է:
Նշենք, որ հայկական հոգեբուժական ասոցիացիան հոկտեմբերը հայտարարել է հոգեկան առողջության միամսյակ, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ:










