Պարզվել են երեկ Երևանում սպանված երիտասարդի ինքնությունը և սպանության մի շարք հանգամանքներ

15:59 • 12.10.14

Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է նախօրեին` հոկտեմբերի 11-ին, սպանված երիտասարդի ինքնությունը: Հանցագործության զոհը Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Լևոն Բունիաթյանն է (լուսանկարում), տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հոկտեմբերի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով։


Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են նաև սպանության մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ինչի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: