Անդերս Բրեյվիկը նորվեգական սերիալի հերոս կդառնա
Նորվեգիայում սկսվել են հեռուստասերիալի նկարահանումներ, որը նվիրված է 2011թ. հուլիսի 22-ին տեղի ունեցած ողբերգությանը, երբ Անդերս Բրեյվիկի իրականացրած 2 ահաբեկչությունների հետևանքով զոհվեց 77 մարդ։ Սերիալի վրա աշխատում են նորվեգացի հայտնի ռեժիսորներ՝ ամուսիններ Սառա Յունսենը և Փոլ Շլետաունեն, գրում է ДНИ.ru-ն։
Նորվեգական NRK հեռուստաընկերությունը կզբաղվի սերիալի արտադրությամբ, որի հերոսը կլինի նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը։ «Դա կինո չէ Բրեյվիկի մասին, այլ ավելի շուտ փորձ՝ ներկայացնելու Նորվեգիայի դիմանկարը հուլիսի 22-ի իրադարձությունների միջոցով»,- հայտարարել է Շլետաունեն։
Համաձայն մտահղացման՝ սերիալը կպատմի ոստիկանության, բժիշկների և լրագրողների համատեղ աշխատանքի մասին և այն մասին, թե ինչպես է հասարակությունն արձագանքել ահաբեկչությանը։
Պրոդյուսերների խոսքերով՝ սերիալի հեղինակների նպատակը չի եղել վերստեղծել իրադարձություններն առավելագույն ճշտությամբ։ «Այնտեղ կլինի շատ գեղարվեստական հորինվածք։ Սակայն մենք այս թեմային վերաբերվում ենք չափազանց հարգանքով։ Դա սարսափելի ողբերգություն է երկրի համար, և այն մինչ օրս ազդում է շատ մարդկանց կյանքի վրա»,- նշել է պրոդյուսերը։










