Ինչպես են բուժաշխատողները պաշտպանվում Էբոլայից (լուսանկարներ)
ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ Էբոլայի վիրուսով վարակման երկրորդ դեպքը երկրում գրանցվել է բժշկի սխալի պատճառով, ում մոտ բուժվող հիվանդը մահացել է Էբոլայից նախորդ չորեքշաբթի, Դալասի հիվանդանոցում, հայտնում է bbc.co.uk-ը։ Վարակված բժշկի անունը չի հաղորդվում, միայն հայտնի է, որ նա կին է։
Հայտնի է, որ Էբոլայով հիվանդների հետ շփվելու ժամանակ բուժաշխատողները կրում են պաշտպանիչ կոստյում, որը բաղկացած է մի քանի կարևոր մասերից։ Դրանք են.

Ռեսպիրատոր. հիմնական նպատակն է պաշտպանել կրողին հիվանդի հազի արդյունքում արտադրություններից, որն անհրաժեշտ է հագնել անմիջապես արտահագուստի վրայից։
Բժշկական դիմակ. այն նախատեսված է կրողի շնչուղիները վիրուսից պաշտպանելու համար։ Եթե անձն արդեն կրում է ռեսպիրատոր, ապա բժշկական դիմակն անհրաժեշտ է հանել։
Վիրաբուժական արտահագուստ. այն արագորեն իր վրա է կլանում բոլոր հեղուկները, միևնույն ժամանակ հեշտ է մաքրվում։ Այն հագնում են կոմբինեզոնի վրայից։ Սովորաբար, ռետինե երկարաճիտ կոշիկների վրայից՝ մաշկի հետ շփումից խուսափելու համար։
Պաշտպանիչ կոմբինեզոն. հագնում են վիրաբուժական արտահագուստի տակից։ Շատ քիչ է տարբերվում քիմիական կամ բիոլոգիական կոստյումներից։
Երկարաճիտ կոշիկներ. Էբոլայով հիվանդի հետ աշխատելու ժամանակ սովորաբար կրում են ռետինե կոշիկներ, դրանց բացակայության դեպքում՝ պարտադիր փակ կոշիկներ։
Վիրաբուժական գլխարկ. նախատեսված է դեմքը, գլուխը և պարանոցը վարակից պաշտպանելու համար։
Պաշտպանիչ ակնոցներ. դրանք պաշտպանում են աչքերը վարակից, որոնց վրա հատուկ նյութ են քսում, որպեսզի դրանք չքրտնեն։
Ռետինե գոգնոց. արտահագուստի վրայից հագցնում են նաև ռետինե գոգնոց, որը ևս մեկ պաշտպանիչ շերտ է։
Կրկնակի ձեռնոցներ. առաջինն անհրաժեշտ է ձեռքերը պաշտպանելու համար, իսկ երկրորդը հագնում են արտահագուստում բոլոր հնարավոր ճեղքերը փակելու համար։ Բուժաշխատողները պետք է փոխեն իրենց ձեռնոցները յուրաքանչյուր նոր հիվանդի զննման ժամանակ, որից առաջ պետք է հիգիենիկ միջոցներ օգտագործեն ձեռքերի մաշկն ախտահանելու համար։ Առավել հաստ և ամուր ձեռնոցները հագնում են վարակված թափոնների վերացման ժամանակ։


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս տարի բռնկված Էբոլա համաճարակն արդեն ավելի քան 4.000 մարդու կյանք է խլել։
Բազմաթիվ երկրներ մարդասիրական օգնություն են ուղարկել աֆրիկյան մի շարք երկրներ, իսկ որոշ երկրներ՝ նաև բուժաշխատողներ։










