Առողջապահության նախարարությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները՝ Հայաստան Էբոլայի ներթափանցումը կանխելու համար

19:50 • 13.10.14

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Էբոլա վիրուսի և Հայաստան դրա ներթափանցումը կանխելուն ուղղված միջոցառումների մասին:

 

Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը կամ Էբոլա հեմոռագիկ տենդը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է:
Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1976 թվականին` Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլա վիրուսն է:


Էբոլա վիրուսը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ): Հիվանդի վաղ հայտնաբերման դեպքում վերջինիս առողջանալու հնարավորությունը մեծանում է: Կա վիրուսի 5 ենթատեսակ, որոնք անջատվել են աֆրիկյան տարբեր բնակավայրերում:


Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են (այդպիսիք Հայաստանում չկան): Վիրուսը մարդկանց է փոխանցվում չղջիկների կամ հիվանդ վայրի որոշ կենդանիների (կապիկներ, խոզեր, մացառախոզեր, այծամներ) հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով:


Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով:
Գաղտնի շրջանը մի քանի ժամից (առավել հաճախ` 48 ժամից) մինչև 21 օր է:

Բուժումն իրականացվում է միայն հիվանդանոցում՝ մեկուսացման պայմաններում:
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հատուկ բուժումը բացակայում է:
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ առկա չէ պատվաստանյութ:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ վերջին 9-10 ամսվա ընթացքում աֆրիկական մի շարք երկրներում (Գվինեա, Սիերա Լեոնե, Նիգերիա, Լիբերիա, վերջերս նաև` Սենեգալ և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) էբոլա վիրուսով հարուցված հիվանդության բռնկում կա։ Պետք է նշել, որ հիվանդությունը 2012 թվականի դեկտեմբերից հիմնախնդիր է հանրային առողջապահության մարմինների համար:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մինչ օրս ամբողջ աշխարհում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված 9000-ից ավելի դեպք, որից 4000-ը` մահվան ելքով:


Բացի աֆրիկական երկրներից էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեպքեր արձանագրվել են թե՛ եվրոպական, և թե՛ ամերիկյան տարածաշրջանի երկրներում, մասնավորապես`


Իսպանիայում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված հիվանդության 2 դեպք: Վերջիններս եղել են վանականեր, ովքեր աֆրիկական երկրներում օգնել են էբոլա վիրուսով հարուցված հիվանդների: Այնուհետև հոսպիտալացվել է 1 հիվանդ (բուժքույր, ով շփում է ունեցել հիվանդ վանականի հետ) և 2 կասկածելի հիվանդ (1 բուժքույր և նրա ամուսինը):
Կասկածելի դեպքեր են արձանագրվել նաև Միացյալ Թագավորությունում և Չեխիայում:


2014 թվականի սեպտեմբերի 29-ին ԱՄՆ Տեխասի նահանգում արձանագրվել էր մեկ հիվանդ (Թոմաս Դունկան, ով Լիբերիայից գնացել է Տեխասի նահանգ` հարազատների մոտ): Հոկտեմբերի 9-ին հիվանդը մահացել է: 80 կոնտակտավոր մեկուսացված են: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական հայտարարությամբ (13.10.2014թ.) Տեխասի նահանգի Դալլասի հիվանդանոցում հիվանդությունը հաստատվել է մեկ բուժքրոջ մոտ, ով շփում է ունեցել մահացած այդ հիվանդի հետ:


Կասկածելի դեպք է արձանագրվել նաև Բրազիլիայում (հետազոտության ընթացքում է):


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջարկում է`


- Բարձր պատրաստականության բերել առողջապահական կազմակերպությունները հիվանդների վաղաժամ հայտնաբերման, ախտորոշման, մեկուսացման և բուժման համար:


- Միջազգային նշանակության օդանավակայաններում ձևավորել կարողություններ տենդով ուղևորների հայտնաբերման և մեկուսացման համար:


- Իրազեկել ուղևորներին ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին:


Հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները` ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է հետևյալ միջոցառումները`


- ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։


- Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։


- Ձեռք են բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։
- Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։


- Մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար (կցվում է)։


- Ուղևորներն իրազեկվում են ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին (հուշաթերթը կցվում է)։


- Ձերք են բերվել լաբորատոր կարողություններ, այն է` ախտորոշիչ համակարգեր։


- Իրականացվել են սեմինար դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպություններ համար։


- Առաջարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն արգելելու վայրի կենդանիների մուտքը հանրապետություն:
Աշխատանքները շարունակվում են։