Թուրքիայում 3 գերմանացի լրագրող է ձերբակալվել

10:07 • 13.10.14

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Գերմանիայից 3 ֆոտոլրագրողի։ Այդ մասին հայտնի է դարձել երեկ ԶԼՄ-ների աշխատակիցներից և ակտիվիստներից, հայտնում է Deutsche Welle-ն։

 

«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և քուրդ ակտիվիստները հաստատել են այդ տեղեկությունը։ Լրագրողների ձերբակալությունը տեղի է ունեցել Դիարբեքիր քաղաքում՝ Թուրքիայի հարավ-արևելքում։ Բացի գերմանացի լրագրողներից ձերբակալվել են նաև ԶԼՄ-ներ 2 այլ աշխատակիցներ տարբեր երկրներից։

 

Լրագրողները կասկածվում են որպես «սադրիչներ» հանդես գալու համար։ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Անկարայում գերմանական դեսպանատունն աշխատում է իրավիճակի պարզաբանման ուղղությամբ, մասնավորապես՝ «կապ է պահում ինչպես Գերմանիայի քաղաքացիների, այնպես էլ իրավասու գերատեսչությունների հետ»։

 

Ձերբակալված գերմանացի լրագրողներից մեկը Twitter-ում գրել է, որ ինքը և իր 2 գործընկերները ձերբակալվել են, «քանի որ ցանկացել են լուսաբանել քրդերի բողոքի ցույցերը»։

 

Դիարբեքիր քաղաքը, որտեղ գտնվել են լրագրողները, քրդերի բողոքի ցույցերի կենտրոններից մեկն է։