Հիտլերը թմրանյութեր է օգտագործել Մուսոլինիի հետ հանդիպումից առաջ. ԱՄՆ հետախուզություն (լուսանկարներ)
ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն՝ Ադոլֆ Հիտլերը մշտապես մետամֆետամին կոչվող թմրանյութ է օգտագործել, ինչպես նաև տեստոստերոնը բարձրացնող դեղորայք, հայտնում է lenta.ru-ն՝ The Independent-ին հղումով։
ԱՄՆ-ում հրապարակված փաստաթղթում նշվում է նաև Հիտլերի հիպոխոնդրիկ վիճակի մասին. դա այն մշտական հոգեվիճակն է, երբ անձն անհանգստանում է իր առողջության համար և իրեն թվում է, թե ինչ որ բանով հիվանդ է, կամ էլ իր սովորական զգացողություններն ընդունում է որպես հիվանդագին և անառողջ։
Նշվում է, որ նմանատիպ հոգեվիճակը կարող էր պայմանավորված լինել Հիտլերի կողմից թմրանյութերի օգտագործման հանգամանքով։
Փաստաթղթում նշվում է նաև, որ Հիտլերը մետամֆետամին է ընդունել 1943-ի հուլիսին իտալացի առաջնորդ Բենիտո Մուսոլինիի հետ հանդիպումից առաջ, որից հետո նա ուղիղ երկու ժամ առանց դադարի զրուցել է։
Հիտլերն օգտագործել է տարբեր տեսակի թմրանյութերի հիման վրա դեղորայքներ։ Դա տեղի է ունեցել 1936-ին իր անձնական բժշկի՝ Թեոդոր Մորելի մոտ խորհրդատվությունից հետո։
Նշանակված բաղադրատոմսում նշված է մուտաֆլորը, որը բժիշկը նշանակել էր Հիտլերին որովայնային ցավերի նոպաների դեմ։
Ամերիկացի հետազոտող Բիլ Պանագոպուլոսը, ով հայտնաբերել է հետախուզման կողմից օգտագործվող բժշկական փաստաթղթերը, գտնում է, որ Մորելը եղել է խարդախ ու խաբեբա բժիշկ, ով իր գործողություններով Հիտլերին դրդել է թմրանյութերից կախվածության։
Պանագոպուլոսն իր կարծիքը հիմնավորում է ֆյուրերի բժշկի կողմից դեղորայքների համադրության, դրանց ընտրության և նշանակման համար պատճառաբանությունների վրա։
Գտնված նյութերի հիման վրա Channel 4 բրիտանական հեռուստաալիքը հոկտեմբերի 19-ին պատրաստվում է վավերագրական ֆիլմ ցուցադրել «Հիտլերի գաղտնի թմրամոլությունը» անվանմամբ։

















