Մարսի 3D լուսանկարը՝ հնդկական Mangalyaan ուղեծրային արբանյակի կատարած լուսանկարների հիման վրա
Հնդիկ գիտնականներն օրերս ներկայացրել են Մարս մոլորակի ստերեոսկոպիկ պատկերը, որը կազմվել է Mangalyaan (Mars Orbiter Mission) ուղեծրային զոնդի ստացած նոր պատկերներից։ Դրանք արվել են 74.500 կմ հեռավորությունից, գրում է habrahabr.ru-ն։
Լուսանկարում պարզ երևում է մոլորակի հյուսիսային հատվածում ձևավորված փոշու փոթորիկը, իսկ հարավային բևեռը ծածկված է սառցե «գլխարկով», որը բաղկացած է սառած ածխաթթու գազից և ջրից։
Հնդիկ գիտնականների կողմից 2013-ի նոյեմբերի 5-ին հաջող կերպով փորձարկված և տիեզերք ուղարկված արբանյակը միանգամից մի քանի ռեկորդներ է սահմանել՝ որպես էժան նյութերից պատրաստված տիեզերական սարք և որպես հաջողակ մեկնարկ առաջին իսկ անգամից։
Այս տարվա սեպտեմբերի վերջին հնդկական Mangalyaan-ը դուրս էր եկել Մարսի ուղեծիր։ Դրա նպատակն է ուսումնասիրել Մարս մոլորակի մթնոլորտը, դրանում մեթան գազի համակենտրոնացումը, ինչպես նաև մոլորակի մակերեսի ընդհանուր քարտեզագրումը։












