Եռյակը ոչինչ չունի՝ ասելու ժողովրդին, բացի իրենց իշխանությունն առաջարկելուց. Հրանուշ Խառատյան
Հոկտեմբերի 10-ին եռյակի հանրահավաքին պարզ դարձավ, որ եռյակը ոչինչ չունի ժողովրդին առաջարկելու, բացի իր իշխանությունն առաջարկելուց:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչ գնահատական կտա եռյակի համապետական հանրահավաքին:
«Այն, ինչ կարծում էի, այդպես էլ եղավ. եռյակը ոչինչ չունի՝ ասելու էս ժողովրդին, բացի իր իշխանությունն առաջարկելուց: Թե իրենք ովքեր են, դա էլ է անհասկանալի, թե ում իշխանությունն են ուզում: Ու հիմնական ասելիքն է՝ «մեզ անվերապահ հավատացեք. մենակ հավատացեք, ուրիշ գործ չունեք»,-ասաց Հրանուշ Խառատյանը:
Նախախորհրդարանի անդամը դատարկ խոսակցություն է համարում այն, որ հանրահավաքին հստակեցվեց, որ 12 կետն այլևս օրակարգում չեն, օրակարգում քաղաքական պայքարն է:
«Էդքան մարդուն բերեցին, որ ասեն՝ մենք ենք, իշխանությունն ուզում ենք վերցնել, դուք էլ մեզ հավատում եք ու հարցեր մի տվեք: Ինչ անում ենք, հավանությու՛ն տվեք, ընդունե՛ք, վստահե՛ք »,-մեկնաբանեց նա:
Այս անգամ ևս «Այս մասին՝ հաջորդ դասին» արտահայտությունը կրկնելը Հրանուշ Խառատյանը ենթադրում է, որ ֆորսմաժորային նոր իրավիճակ ստեղծելու համար էր:










