«Միսս Վենեսուելա» մրցույթում հաղթող է ճանաչվել 20-ամյա ուսանողուհի Մարիանա Խիմենեսը (լուսանկարներ)
«Միսս Վենեսուելա» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել 20-ամյա ուսանողուհի Մարիանա Խիմենեսը։ Այժմ նա պետք է մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Միսս Վենեսուելա» մրցույթը շարունակվել է 2 ամիս։ Օգոստոսին 123 մասնակիցներն առաջին անգամ հանրությանը ներկայացել են «Վենեվիսյոն» հեռուստաալիքի եթերում։ Եզրափակիչ փուլի 25 մասնակիցներին ընտրելու համար ստեղծվել է ժյուրի, սակայն վերջին խոսքն ասել է «Գեղեցկության արքան»։ Այդ պատվավոր տիտղոսը կրում է վենեսուելացի Օսմել Սոուսան։
10 շաբաթ հեռուստաընկերությունը ցուցադրել է մասնակիցների նախապատրաստությունները եզրափակիչ փուլին՝ մանրամասն պատմելով դիետաների, կոսմետիկ գաղտնիքների և այլ նրբությունների մասին, որոնք անհրաժեշտ են թագը ստանալու համար։
«Միսս Վենեսուելա» Մարիանան հաղթանակը նվիրել է իր գործընկերուհի Մոնիկա Սփիրին, ով Վենեսուելայի ամենագեղեցիկ կին էր ճանաչվել 2004-ին։ Այս տարվա սկզբին Սփիրն ամուսնու և 5-ամյա դստեր հետ դարձել էր բանդիտական հարձակման զոհ։ Նա և ամուսինը սպանվել էին, իսկ երեխան հրազենային վնասվածք էր ստացել և հրաշքով ողջ մնացել։











