Մորալեսը հայտարարել է Բոլիվիայի ընտրություններում հաղթելու մասին

13:40 • 13.10.14

Բոլիվիայի գործող նախագահ Էվո Մորալեսը, չսպասելով ձայների հաշվարկի պաշտոնական տվյալներին, հայտարարել է ընտրություններում իր հաղթանակի մասին, գրում է «Взгляд»-ը:

 

Exit poll-ի տվյալներով՝ Մորալեսը հաղթանակ է տանում՝ հավաքելով ընտրողների 61 տոկոսի ձայները: Բացի այդ, exit poll-երի արդյունքները վկայում են, որ նրա «Շարժում դեպի սոցիալիզմ» կուսակցությունը պահպանել է սենատում և պատգամավորների պալատում մեծամասնությունը:

 

Մորալեսը հայտարարել է, որ այդ հաղթանակը նվիրում է բոլոր ժողովուրդներին, որոնք պայքարում են իմպերիալիզմի դեմ, ինչպես նաև լատինամերիկացի առաջնորդներ Ֆիդել Կաստրոյին և Ուգո Չավեսին:

 

Երկրի բոլոր խոշոր քաղաքներում նախագահի և նրա շարժման հազարավոր աջակիցներ, չսպասելով պաշտոնական արդյունքներին, սկսել են տոնել հաղթանակը: Տոնակատարություններին մասնակցում են տեղական երաժշտական խմբեր և պարային համույթներ: