Իրենք ոչ թե ուզում էին թեժ աշուն, այլ աշխատեցին, որ աշունը չթեժանա. Սասուն Միքայելյան

15:48 • 13.10.14

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը ոչ թե ուզում են թեժ աշուն, այլ աշխատեցին, որ աշունը չթեժանա. այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամների ասուլիսին հայտարարեց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:

 


«Էդպես էլ եղավ, ու ինչպես պարոն Փաշինյանը նշեց, իրենք պահում են դաշտը, որ նոր քաղաքական ուժ չծնվի մինչև քաղաքական կամ խորհրդարանական ընտրությունները: Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, 98-ից մինչ այսօր բոլոր նախագահները քանի՞ անգամ են շրջանցել Սահմանադրությունը և արել այն, ինչ իրենց է պետք»,-հայտարարեց Սասուն Միքայելյանը:


Նա հավելեց, որ վերջին 20 տարում հասարակությունը համոզվել է, որ սահմանադրորեն հնարավոր չէ իշխանություն փոխել ու «եթե մենք չենք կարողանում սահմանադրորեն իշխանություն փոխել, մենք կգնանք թավշյա հեղափոխության»:


Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդը, գնահատելով 2014թ. հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի կազմակերպած հանրահավաքը, նշել էր, որ ոչ իշխանական ուժերի անունից բաց տեքստով Սերժ Սարգսյանի վարչախմբին առաջարկվեց սակարկել քաղաքական իշխանության կիսման, բաժանման, փոխանցման շուրջ: