Սեուլի քաղաքապետն առաջարկել է թույլատրել Կորեայում նույնասեռ ամուսնությունները

15:43 • 13.10.14

Սեուլի քաղաքապետ Պակ Վոնսունը՝ Կորեայի Հանրապետության ապագա նախագահի առանցքային թեկնածուներից մեկը, հուսով է, որ երկիրն Ասիայում առաջինը կդառնա, որտեղ կօրինականացվեն միասեռ ամուսնությունները: Այդ մասին քաղաքապետն ասել է The San Francisco Examiner-ին տված հարցազրույցում, գրում է gazeta.ru-ն:

 

Լրագրողի հարցին, թե արդյոք Թայվանը կդառնա առաջին ասիական երկիրը, որը թույլ կտա միասեռ ամուսնությունները, Պակ Վոնսունը պատասխանել է. «Ես հույս ունեմ, որ առաջինը կլինի Կորեան: Կորեայում շատ միասեռական զույգեր արդեն միասին են ապրում: Դա դեռ չի ընդունվում օրենքով, բայց ես համոզված եմ, որ կորեական սահմանադրությունը թույլ է տալիս չեղարկել այդ արգելքը: Մեզ երաշխավորված է երջանկության ձգտելու իրավունքը: Իհարկե, կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, թե ինչ է այդ բառը նշանակում»:

 

Միևնույն ժամանակ Պակը նշել է, որ Կորեայում միասեռ ամուսնություններն ընդունելուն կխոչընդոտի բողոքական եկեղեցու մեծ ազդեցությունը: «Դա ակտիվիստների գործն է՝ ընդլայնել մարդու իրավունքների մասին համընդհանուր պատկերացումն այնպես, որ դա ներառի նաև միասեռականների իրավունքները: Երբ նրանք դրանում համոզեն ժողովրդին, կհաջորդեն նաև քաղաքական գործիչների քայլերը»,- նշել է քաղաքապետը: