Օրական 2-3 բաժակ թեյը կարող է փրկել օստեոպորոզից
Թեյի սիրահարներն ավելի քիչ են կոտրվածք ստանում, քան նրանք, ովքեր առհասարակ թեյ չեն օգտագործում կամ շատ հազվադեպ են խմում: Այս մասին հաղորդում է Meddail.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Կոտրվածքների առաջացման հավանականությունը 28%-ով կրճատվում է, երբ մարդիկ օրական 1-2 բաժակ թեյ են օգտագործում, և 37%-ով՝ այն պարագայում, երբ 2-3 բաժակ են օգտագործում: Ընդ որում՝ սուրճը նման արդյունք չի արձանագրում:
Ավելի քան 200000 մարդու տվյալներն ուսումնասիրած չինացի մասնագետների կարծիքով՝ հավանաբար ֆլավոնոիդները՝ թեյում առկա միացությունները, նպաստում նման արդյունքի արձանագրմանը, իսկ սուրճում դրանք բավականին քիչ են: Այդ միացությունները նպաստում են նոր ոսկրանյութի առաջացմանը:
Բացի այդ՝ հայտնի է, որ ոսկրանյութն ամրապնդվում է ֆտորային միացությունների, կալցիումի և այլ հանքային նյութերի ազդեցության շնորհիվ, որոնք ևս առկա են թեյում:










