Մենք միջնադարում չենք. Տիմոշենկոն քննադատել է «Պատ» նախագիծը

11:59 • 13.10.14

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պետական սահմանը կառուցապատելու Ուկրաինայի կառավարության ընդունած «Պատ» նախագիծը չի կարող իրականացնել երկրի պաշտպանության գործառույթը, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Այդ մասին նա հայտարարել է «Ինտեր» հեռուստաալիքի եթերում՝ ասելով, որ «երբ հնարավորություն չկա գործելու հստակ, վճռական և արդյունավետ, հորինվում են այնպիսի նախագծեր, որոնք աշխարհի պատմության մեջ ոչ մի դրական օգուտ չեն տվել»:

 

«Կա Չինաստանի պատի, Մաժինոյի գծի, Մաներհեյմի գծի գոյության փորձը, դրանցից ոչ մեկ չի աշխատել ռազմական ագրեսիայի դեմ, դրանք կամ ոչնչացվել են, կամ դրանք շրջանցել են»,- ասել է նա:

 

Նրա խոսքով՝ բոլոր ռազմական մասնագետները և փորձագետները «Պատի» կառուցումն աբսուրդ են համարում:

 

«Մենք միջնադարում չենք: Եթե ռուսական զորքերը շարժվեն Ուկրաինա, նրանք փայտերով և կացիններով չեն գալու: Իրականում այն, ինչ մենք տեսնում ենք որպես «Պատ» նախագիծ, անգամ պատ չէ: Այդ պատճառով ոչ մի ռազմական փորձագետ չի կարող հասկանալ, թե ինչպես կարող է այն պաշտպանել երկիրը «Գրադերից», ինքնաթիռներից, հրթիռներից, տանկերից: Եթե թշնամին գա մեզ վրա, նրան անգամ մի քանի վայրկյան հարկավոր չի լինի այդ պատը հաղթահարելու համար»,- ասել է Տիմոշենկոն: