Արաքս Մանսուրյանի նվերը՝ եղբորը. օտարերկրացի երիտասարդ երաժիշտները հայերեն կկատարեն Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի գործերը

15:11 • 14.10.14

Անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 75-րդ հոբելյանի առիթով Երևանում և Ստեփանակերտում համերգներով հանդես կգան հույն, չինացի և ավստրալացի երիտասարդ կատարողներ: Նրանք հայերեն կկատարեն Քուչակի, Տերյանի, Սահյանի խոսքերով գրված մանսուրյանական վոկալ շարքերը:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվանի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը: «Ցանկացա, որ եղբորս տարեդարձի առթիվ ելույթ ունենան իմ սաները: Ինձ համար սա մեծ և պատասխանատու գաղափար էր»,- ասաց Մանսուրյանը` հավելելով, որ թեև իր օտարազգի սաների համար շատ դժվար էր հայերեն սովորել, սակայն նրանք մեծ ուրախությամբ են ընդունել առաջարկությունը:


Համերգներից առաջինը կայանալու է Գաֆէսճյան արվեստի կենտրոնում` հոկտեմբերի 14-ին: Ելույթ կունենան Տենոր Ջիանգ Հոնգշինը, կոլորատուրային սոպրանո Ջեորջիա Կոկորիսը, սոպրանո Ռիան Սաունդերսը: Սեպտեմբերի 18-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայանալիք համերգին հնչելու են եվրոպական արիաներ, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Երգչուհու խոսքով` սրանից առաջ համերգ է կազմակերպվել նաև Սիդնեյում, ուր ինքը դասավանդում է:


Հանդիպմանը ներկա էին նաև երգչուհու սաները, ովքեր նշեցին, որ հայկական երաժշտությունը մեկնաբանելու այս հնարավորությունը իրենց համար մեծ պարգև է: «Կոմիտաս, Մանսուրյան... Հպարտ եմ, որ նրանց գործերի հետ եմ ծանոթացել ու պետք է հենց հայերեն ներկայացնեմ այս ստեղծագործությունները: Ամեն անգամ, երբ Մանսուրյան եմ կատարում, փշաքաղվում եմ»,- ասաց Ջիանգ Հոնգշինը:


Համերգներից ստացված հասույթը հատկացվելու է հիվանդ երեխաների բուժմանը:  

Արաքս Մանսուրյանի նվերը՝ եղբորը. օտարերկրացի երիտասարդ երաժիշտները հայերեն կկատարեն Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի գործերը