Երթևեկության տուգանքների նվազեցման մասին օրինագիծը կարող է որոշ չափով հարցի լուծում լինել, եթե ընդունվի. Վ. Հակոբյան

21:53 • 14.10.14

«Դու´րս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանն առանձնապես հույսեր չի փայփայում, որ երթևեկության տուգանքների նվազեցման մասին Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը կընդունվի, թեև ըստ նրա՝ ներկայացված առաջարկությունները կարող էին որոշ չափով հարցի լուծում լինել։


«Ողջունում եմ Հրանտ Բագրատյանի նախաձեռնությունը և համամիտ եմ առաջ քաշած խնդիրների հետ։ Անշուշտ՝ շատ վարորդներ կարող էին խուսափել անհարկի տուգանվելուց, որովեհտև +20 տարբերությունն աշխարհում շատ նորմալ կիրառելի պրակտիկա է , +10 թույլատրելի արագության գերազանցման սահմանում ոչ մի տեղ չկա»,-Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։


Հիշեցնենք, որ Բագրատյանն իր օրնսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելիս նախատեսված տուգանքները փոքրացնել 2,5 անգամ, իսկ արագության գերազանցումը հաշվարկել՝ նկատի ունենալով +/- 20 ինտերվալը։


Վարդան Հակոբյանի խոսքով՝ բացի ներկայացվածից՝ օրենսդրական փոփոխությունների փաթեթում այլ առաջարկներ էլ կարելի էր ներառել, քանի որ ըստ նրա՝ գործող օրենքով այլ անհարկի «խայտառակ» տուգանքներ կան։

 

«Եթե ուզում ենք ո´չ թե տուգանել այդ մարդուն, այլ՝ հնարավորություն տալ, որ նա ճիշտ երթևեկի, կարծում եմ՝ հեշտ փոփոխություններ են, կարող են դրան ընդառաջ գնալ»,-նշեց նա։


Ի դեպ, նա անդրադարձավ շարժման՝ կարմիր գծանշանների առկայության սահմանադրականությունը ուսումնասիրելու խնդրանքով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից Սահմանադրական դատարան դիմելու հարցին՝ նշելով, որ կրկին ստացվել է անբավարար պատասխան։ «Կարմիր գծերի հարցով հիմա ՄԻՊ-ը նորից է դիմել՝ ադեկվատ պատասխանի ակնկալիքով, չգիտեմ՝ երբ պետք է պատասխանեն, ողջամիտ ժամկետների սահմաններում, որից հետո էլ արդեն ողջամիտ պատասխան կլինի»,-ասաց նա։


Ամեն դեպքում՝ այդ հարցով նա նշեց, որ նախաձեռնությունը շարունակում է կոչ անել կանգառել կարմիր գծերի սահմաններում և չվճարել ո´չ միայն գումարը, այլ նաև՝ եկած տունգանքը, քանի որ գիտեն, որ դատարանում չեն կարող պնդել հակառակը։


«Նախադեպ չի եղել, ոչ մի դեպքում, իրենք երբ տեսնում են՝ իրազեկված են, հասկանում են, որ դատական կարգով չեն կարող քեզնից գանձել գումարը ու չեն տալիս դատարան, ուղղակի իրենք մարդկանց չիմացության վրա են թողել այդ ամենը»,-նշեց նա։