Նազարբաևն իր նախկին ելույթից հետո պետք է ինչ-որ բան ասեր. քաղաքագետ

21:09 • 14.10.14

Նազարբաևն իր նախկին ելույթից հետո պետք է ինչ-որ բան ասեր և ասաց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նազարբաևի հայտարարությանը, թե փոխզիջումներ են եղել Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագիրը ստորագրելու հետ կապված:


«Ակնահայտ է, որ խոսքը Հայաստանի սահմանների ճշգրտման մասին է, որի մասին ես արդեն իսկ նշել եմ, որ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին՝ իր սահմաններով հանդերձ, և սա ոչ մի փոխզիջում չի կարող հանդիսանալ, որովհետև ի սկզբանե չի եղել որևէ հեռանկար՝ անդամակցելու ԵՏՄ-ին ոչ իր սահմաններով»,-ասաց նա և հավելեց, որ Նազարբաևը թե´ այն ժամանակ, և թե´ հիմա ասել է, որ պետք է գործընթացը հստակեցնել, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցում ԵՏՄ-ին։

 

Քաղաքագետի կարծիքով՝ իրականում Նազարբաևի համար Ադրբեջանի գործոնը առիթ է` Մոսկվայի հետ վիճելու և իր շահերը ներկայացնելու համար: «Այդ հարցն ամենևին էլ Հայաստանի հետ կապված չէ, խնդիրը Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերությունների մեջ է»,-ասաց նա և նշեց, որ այս ամենի շուրջ առևտուրը կարող է շարունակվել, որովհետև Ղախզախստանը և Բելառուսը Ռուսաստանի հետ հարցեր ունեն: