Ռուսաստանի և արևմուտքի միջև հարաբերությունների բարելավումը Հայաստանի համար դրական է. քաղաքագետ

22:15 • 14.10.14

Եթե Ռուսաստանի և արևմուտքի միջև հարաբերությունների ցանկացած բարելավում է նկատվում, ապա Հայաստանի համար ավելի հեշտ է լինում իրագործել բալանսավորված կոմպլեմենտար քաղաքականությունը: Այս մասին Tert.am-ին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն` անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Ռուսաստանը պատրաստ է քննարկել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները:
 

«Դեռ ժամանակ է պետք, որ Եվրամիությունը և Ռուսաստանն իսկապես պատրաստ լինեն նման զարգացմանը»,-ասաց քաղաքագետը և նշեց, որ շատ հարցեր կախված են Ուկրաինայի շուրջ իրադարձություններից:


«Դա հենց այն է, ինչ Հայաստանն ուզում էր, և կարծում եմ՝ դա բխում է Հայաստանի շահերից, սակայն այլ բան է, թե արդյո՞ք մոտ ապագայում մենք կտեսնենք ինչ-որ դրական զարգացումներ Եվրամիության Ազատ առևտրի գոտու և եվրասիական Մաքսային միության միջև»,-ասաց Սերգեյ Մինասյանը:

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին, ապա քաղաքագետի կարծիքով՝ որքան էլ Ռուսաստանի պաշտոնյաները փորձեն ցույց տալ, որ դրանք լուրջ չի ազդում իրենց վրա, իրականում հակառակն է: «Սակայն հասկանալի է,որ այդ պատժամիջոցները բավականին թանկ են նստում հենց Եվրամիության վրա»,-ասաց նա: