Կատալոնիան հրաժարվել է անկախության հանրաքվեից

08:46 • 14.10.14

Կատալոնիայի կառավարությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Իսպանիայից անկախանալու մասին հանրաքվեն, որը պետք է կայանար նոյեմբերի 9-ին, գրում է lenta.ru-ն:


Այդ մասին հայտարարել է շրջանի ղեկավար Արտուր Մասը ինքնավար շրջանի անջատման օգտին հանդես եկող երեք ազգայնական քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ տասը ժամ տևած հանդիպումից հետո:


Կատալոնիայի ղեկավարը կարծում է, որ քվեարկությունը չի կարող անցկացվել իրավական երաշխիքների բացակայության պատճառով: Նրա խոսքով՝ ինքնավար շրջանի իշխանությունները մտադիր են քաղաքացիներին առաջարկել հարցումն անցկացնելու այլընտրանքային տարբերակներ:


Սեպտեմբերի 30-ին Կատալոնիայի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել հանրաքվեի պատրաստությունները: Ընդ որում՝ շրջանի կառավարության մամուլի քարտուղար Ֆրանսեսկ Հոմսը բացատրել է, որ շրջանը կշարունակի անկախության համար պայքարը:


Սեպտեմբերի 29-ին Իսպանիայի սահմանադրական դատարանը արտահերթ նիստի ժամանակ հինգ ամսով դադարեցրել է Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի անցկացման մասին հրամանի գործողությունը: