Ժողովուրդը համոզվեց, որ եռյակը այլընտրանք չէ իշխանություններին. Գագիկ Մելիքյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը գտնում է, որ եռյակի կազմակերպած հանրահավաքին միասնական կոչեր չհնչեցին:
«Բոլորի համար ակնհայտ էր, որ միասնական կարծիք չհնչեց: Ամբոխի կողմից երբ հնչում էին իշխանափոխության հարցեր, քննադատության էր արժանանում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից: Միասնական քննադատական խոսք չհնչեց իշխանության նկատմամբ»,- մամուլի ասուլիսին ասաց նա և նշեց, որ տարրական անգրագիտություն է արտաքին քաղաքականությունը տարանջատել ներքին քաղաքականությունից:
«ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի ստորագրումը շփոթության մեջ դրեց եռյակին, որն այդպես էլ չկարողացավ ձևակերպել իր նպատակները: Մենք ունեցանք հուսախաբ, շփոթված ժողովրդի մի փոքր քանակ, որն այդպես էլ չհասկացավ ինչի համար է հավաքվել և չիմացավ, թե իր խնդիրների լուծումը որտեղ պետք է փնտրի՝ հանրահավաքո՞ւմ, թե իշխանությունո՞ւմ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ եռյակի կողմից միասնական պահանջներ չձևակերպելը հուսախաբ արեց ժողովրդին և ավել մեծ շփոթության մեջ գցեց: Գագիկ Մելիքյանը նշեց, որ իրենք չեն ժխտում, որ մեր երկրում խնդիրներ գոյություն ունեն: «Ժողովուրդը համոզվեց, որ եռյակը այլընտրանք չէ իշխանություններին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հանրահավաքի մասնակիցների թվին, ապա խմբակցության քարտուղարն ասաց, որ «Հայոց արծիվներ» կազմակերպությունը մի քանի անգամ ավելի շատ ժողովուրդ էր հավաքել, սակայն իշխանափոխության պահանջ չփորձեց էլ դնել:
«Այդ քանակը իշխանափոխության համար հիմք չի կարող հանդիսանալ»,- ասաց նա և ավելացրեց, որ ժողովրդի մեջ կա մի ստվար զանգված, որն ունենալով խնդիրներ, չի հավատում եռյակին, այլ իր հույսը կապում է իշխանության հետ: Ըստ նրա՝ նախորդ հանրահավաքների համեմատ այս հանրահավաքը թեև բազմամարդ էր, սակայն ոչ այնքան, որքան իրենք էին ակնկալում էին: Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների որևէ խնդիր չի տեսնում։
Tert.am-ի հարցին, եթե ոչ նպատակները, այդ դեպքում ինչն է միավորում եռյակին, նա ասաց. «Ցանկությունը՝ ընդամենը հասնել աթոռի: Կարծում եմ, որ այդ հողի վրա էլ լուրջ տարաձայնություններ կունենան»:
Պատասխանելով հարցին, թե գուցե մարդիկ վախեցել էին հանրահավաքին գալ՝ հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1-ը, նա ասաց.«Միգուցե հարթակո՞ւմ էին վախեցած մարդիկ կանգնած»:
Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, վերջինս ասաց. «Անհույս հիվանդ է Լևոն Զուրաբյանը»:










