Հունաստանում Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանի խճանկար է հայտնաբերվել (լուսանկարներ)
Հունաստանում հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. 4-րդ դարի խճանկար, հայտնում է Лента-ն՝ հղում անելով Հունաստանի մշակույթի նախարարությանը։
3x4,5 մ չափսի խճանկարը հայտնաբերվել է երկրի հյուսիսում Ամֆիպոլիս անտիկ քաղաքի խոշոր դամբարանի պեղումների ժամանակ։
Խճանկարի կենտրոնական մասը վնասված է, սակայն գիտնականները հույս ունեն վերականգնել այն։ Որոշ հնագետներ ենթադրում են, որ դամբարանը հավանաբար պատկանել է Ալեքսանդր Մակեդոնացու ընտանիքի անդամներից որևէ մեկին, օրինակ, կնոջը՝ Ռոքսանային, կամ նրա մորը՝ Օլիմպիային։
Այլ գիտնականներ վստահեցնում են, որ դա կեղծ դամբարան է։
Խճանկարը պատրաստված է սպիտակ, սև, կապույտ, կարմիր, դեղին և մոխրագույն քարերից։ Պատկերված է երկու տղամարդ։ Նրանցից մեկի գլխին դափնեպսակ է նկարված, և նա 2 սպիտակ ձիով հեծնած կառք է քշում։ Ձիերի սանձը պահում է Հերմես աստվածը, ով համարվում է մահացածների հոգին ստորգետնյա թագավորություն ուղեկցող աստված։














