Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել ակտիվիստ Իլգար Մամեդովին

15:44 • 14.10.14

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը և ազատ արձակել «ՌԵԱԼ» շարժման առաջնորդ, ընդդիմադիր ակտիվիստ Իլգար Մամեդովին, գրում է contact.az-ը:

 

«Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության ներկայացրած Իլգար Մամեդովի անօրինական ձերբակալության մասին որոշման բողոքարկումը: Դա նշանակում է, որ դատարանի որոշումը վերջնական է: Այդ պատճառով, ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Իլգար Մամեդովին»,- ասված է Եվրոպայի խորհրդի կայքում երեքշաբթի հրապարակված Յագլանդի հայտարարության մեջ:

 

Մամեդովը ձերբակալվել է 2013 թվականի սկզբին Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Մայիսին Եվրադատարանը որոշում է կայացրել Մամեդովի անօրինական ձերբակալության մասին, ինչին պաշտոնական Բաքուն բողոքարկում է ներկայացրել:

 

Մայիսին Եվրադատարանը վճռել է նաև, որ Իլգար Մամեդովի ձերբակալությունը չունի իրական հիմքեր, և նրա ձերբակալությունը պատիժ է եղել կառավարությանը քննադատելու և տեղեկություն հրապարակելու համար, որն իշխանությունները ցանկանում էին թաքցնել: