Մեքսիկացի ռադիոհաղորդավարին սպանել են ուղիղ եթերում

08:47 • 14.10.14

Մեքսիկայում սպանել են ակտիվիստ Ատիլանո Ռոման Տիրադոյին՝ նրա ամենշաբաթյա ռադիոծրագրի ընթացքում: Ողբերգությունը տեղի է ունեցել Սինալոա նահանգի Մասատլան քաղաքում, գրում է lenta.ru-ն:


Երկու հանցագործները ներխուժել են Fiesta Mexicana ռադիոկայան և հարցրել՝ ինչպես կարող են գտնել Տիրադոյին: «Աշխատակիցը խնդրել է նրանց սպասել մինչև Տիրադոն կազատվի, բայց նրանք հրել են դուռը և ներս մտել»,- պատմել է ռադիոկայանի տնօրեն Սերխիո Օնտիվերոսը:


Դրանից հետո նրանցից մեկը մնացել է դրսում, իսկ երկրորդը մտել է ստուդիա և երկու անգամ կրակել ակտիվիստի վրա ուղիղ եթերի ընթացքում: Փամփուշտները դիպել են տղամարդու գլխին և կրծքին: Տիրադոն հոսպիտալացվել է հիվանդանոցներից մեկը, որտեղ այնուհետև մահացել է:


Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ դա Մեքսիկայի պատմության մեջ առաջին սպանությունն է ուղիղ եթերում: Դատախազ Մարկո Անտոնիո Իգերայի խոսքերով՝ հանցագործներին պարզելու համար կքննվեն տեսանկարահանման սարքերի ձայնագրությունները: