Սինգապուրցի գիտնականների ստեղծած նոր մարտկոցները, 2 րոպեում լիցքավորվելով, դիմանում են 20 տարի (լուսանկարներ)
Սինգապուրի Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ ստեղծել են մի քանի րոպեում առնվազն 70% ծավալով լիցքավորվող և 20 տարի լիցքավորումը պահելու ունակությամբ մարտկոցներ։ Այս մասին գրում է pcworld.com-ը։
Ուսումնասիրությունը վարել է պրոֆեսոր Չեն Սյաոդունը՝ ուսանող Տան Յուիսինի և ասպիրանտ Դեն Ցզյանի հետ միասին։
Նրանք նշել են, որ ներկայիս իոնա-լիթիումային մարտկոցներում որպես անոդ օգտագործվող գրաֆիտն ընդամենը փոխարինել են տիտանի երկօքսիդի նանոխողովակներից ստեղծված գելով։
Տարիների ընթացքում մարտկոցները սկսել են է'լ ավելի կատարելագործվել` դառնալով ավելի բարակ, թեթև, արագ լիցքավորվող և լիցքավորումն ավելի երկար պահող։ Մարտկոցները խիստ կարևոր են, առանց որոնց անհնար կլինի օգտագործել այս կամ այն սարքը։ Կայքը գրում է, որ 500 անգամ լիցքավորվելուց հետո մարտկոցը սկսում է ավելի վատ պահել լիցքավորումը, իսկ շատ հեռախոսներ հնարավորություն չեն տալիս փոխելու մարտկոցները և ստիպում են օգտագործողներին նորը գնել։ Սինգապուրցի գիտնականները նշում են, որ իրենց ստեղծած մարտկոցը կարող է լիցքավորվել 10.000 անգամ:
Եթե երիտասարդ գիտնականների պնդումը ճիշտ է, և մարտկոցները հանվեն զանգվածային արտադրության, ապա կլուծվի սմարթֆոնների շուկայում առկա խնդիրը։ Առաջին հերթին այն մեծ ազդեցություն կունենա սմարթֆոնների օգտագործման ժամանակի և հետագա որակի վրա։
Նույնիսկ կարող են փոխվել սարքերի համար տրվող երաշխիքային ժամկետները։














