Նորվեգիայում կանանց համար պարտադիր զինվորական ծառայության մասին օրենք է ընդունվել

17:07 • 14.10.14

Նորվեգիայի խորհրդարանը կանանց համար պարտադիր զինվորական ծառայության մասին օրենք է ընդունել, գրում է ТАСС-ը:

 

Ինչպես նշված է թագավորության պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, օրենքը կգործի 2015 թվականի հունվարի 1-ից, իսկ առաջին աղջիկները նորվեգական բանակի շարքերը կհամալրեն 2016 թվականի ամռանը: Նորվեգիան դարձել է առաջին եվրոպական պետությունը և ՆԱՏՕ-ի առաջին անդամը, որ համարձակվել է նման քայլի դիմել:


«Դա պատմական որոշում է: Նորվեգիան տվյալ ոլորտում առաջատարներից է, և մենք հպարտության համար պատճառներ ունենք»,- նշել է երկրի պաշտպանության նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն:

 

«Զինվորական ծառայությունը պետության և իր քաղաքացիների միջև սոցիալական պայմանագրի կարևոր մաս է, սակայն միայն այժմ մենք կարող ենք ասել, որ բոլոր քաղաքացիների պարտականությունը երկրի առաջ նույնն է»,- ասել է նա:

 

Երկրի ղեկավարությունն արդեն մի քանի տասնամյակ աշխատում է կանանց և տղամարդկանց միջև հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման ուղղությամբ: 2008 թվականին ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ ընկերությունների և առևտրային կազմակերպությունների ղեկավարությունում կանանց համամասնությունը չպետք է 40 տոկոսից ցածր լինի: