Մեկնարկում է «Թատերական Լոռի» փառատոնը

14:58 • 14.10.14

«Թատերական Լոռի» փառատոնը իր երկարակեցությամբ ամենահինն է Հայաստանում և մեծ ներդրում է ունեցել հայ թատերական աշխարհում: Այս մասին հոկտեմբերի 14-ին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:


Թվով 22-րդ «Թատերական Լոռի» փառատոնը արդեն 4-րդ անգամ կանցկացվի միջազգային փառատոնի կարգավիճակով և այն նվիրվում է հայ թատրոնի նահապետ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին: Այս տարի փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 15-26-ը Ալավերդի, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ քաղաքներում:


«Փառատոնը կարևոր նշանակություն ունի նաև այն իմաստով, որ այն մարզային է և իր երկարակեցությունն ու նշանակությունն ինքնուրույն է: Փառատոնը իր ստեղծման առաջին օրից առանձնահատուկ է ոչ պրոֆեսիոնալ խմբերի մասնակցության շնորհիվ», - նկատեց Արթուր Պողոսյանը:


Փառատոնի մասնագիտական հանձնախմբի ղեկավար Հայկազ Երանոսյանը 25 տարի հանդիսանում է փառատոնի ժյուրիի նախագահ: Նա հակիրճ վերհիշեց փառատոնի հիմնման պատմությունը:


«Ալավերդիից մի փոքր հեռու գտնվող Ակներ գյուղի թատերական խմբակի ղեկավարը որոշեց կողքի գյուղի թատերական խմբակին հրավիրել իրենց մոտ՝ հանդես գալու ներկայացումով, որից հետո տեղի էին ունեցել քննարկումներ: Հաջողությունը այնպիսին էր, որ հաջորդ տարի իրենց միացան մոտակա բնակավայրերի այլ սիրողական թատրոններ, այնուհետև անցկացման վայրը տեղափոխվեց Ալավերդի՝ ստանալով փառատոնի ձևաչափ: Իսկ վերջին երկու տարին փառատոնին մասնակցություն են սկսել ունենալ նաև արտերկրից թատրոններ», - ասաց Հայկազ Երանոսյանը:


Այս տարի Լոռու մարզում փառատոնի շրջանակում 3 տասնյակից ավելի ներկայացումներով հանդես կգան պրոֆեսիոնալ 25 թատերախմբեր Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Ռուսաստանից:


Փառատոնի ընթացքում մի շարք հոբելյաններ կնշանավորվեն հատուկ ընտրված ներկայացումներով՝ Կոմիտասի ծննդյան 145-ամյակին կներկայացվի «Կոմիտաս. եկել եմ» ներկայացմամբ, Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի կողմից ներկայացվող «Ջոն արքա», Ժիրայր Անանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված՝ Հ. Պարոնյանի անվան թատրոնի կողմից ներկայացվող «Մեր տան տերերը» ներկայացումներով: Պատանի հանդիսատեսի թատրոնի 85-ամյա հոբելյանը կնշվի թատրոնի ուղին ներկայացվող թատերական ելույթներով, ինչպես նաև Կ. Ս. Ստանիսլավսկ ւ անվան ռուսական դրամատիկական թատրոնը Հայեց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հանդես կգա Լևոն-Զավեն Սյուրմելյանի վեպի հիման վրա ստեղծված «Ձեզ եմ դիմում, տիկնայք և պարոնայք» ներկայացումով: 

Մեկնարկում է «Թատերական Լոռի» փառատոնը