Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Ալեքսանդր Նեկրասովի աշխատանքները
Հայաստանի ազգային պատկերասրահն իր հարկի ներքո հոկտեմբերի 17-ից կցուցադրի Ալեքսանդր Նեկրասովի նկարները: «Արմենպրես»-ին ՀԱՊ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ պատկերասրահում Ալեքսանդր Նեկրասովի անհատական ցուցահանդեսը կազմակերպվում է առաջին անգամ: Մոտ 30 գեղանկար և 20 գծանկար աշխատանքներով ռուս արվեստագետ կներկայանա հայ արվեստասեր հասարակությանը:
Երևույթների, արտաքինի շղարշի տակ քողարկված բովանդակության կարևորությունը վեր հանող և իմաստը երևույթի ու նյութականի ներսում փնտրող արվեստագետ է Ալեքսանդր Նեկրասովը: Նրա համար հոգևոր արժեքները գերիշխում են արտաքին հմայքի և տեսանելիի համեմատությամբ: Նեկրասովը գեղեցիկը տեսնում է հոգևորում և այդ տեսակետից է կերտում իր արվեստը: Ընդհանրացումներ, մանրամասների, որոշակի դետալների մերժում և այդպիսով հիմնականի, կարևորի շեշտադրում. ահա Ալեքսանդր Նեկրասովի կատարողականի ընտրությունը:
Ալեքսանդր Նեկրասովը Հայաստանում հանդես է եկել ցուցահանդեսներով: Ուսանողական տարիներին նա աշակերտել է տաղանդավոր նկարիչ Գերաս Գյոկչակայանին: Նեկրասովը Հայաստանում գտնվելու ժամանակ ճանապարհորդել է երկրով: Երևանում եղել է տարբեր նկարիչների արվեստանոցներում:
Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 3-ը:










