Շանթ Հարությունյանի պաշտպանին դատավորը թույլ չտվեց միջնորդություն ներկայացնել ու սանկցիա կիրառեց նրա նկատմամբ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով հերթական դատական նիստին այսօր ներկա էին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էլինար Վարդանյանը և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նիստի սկզբում ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի վերաբերյալ, իսկ ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանն այսօր արդեն 2-րդ անգամ դատարանում իրեն մեղավոր ճանաչեց և ներկայացրեց իր առողջության վերաբերյալ փաստաթղթեր: Նա նշեց, որ ինքը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ տառապում է սուր հիպերտոնիայով:
Այնուհետև միջնորդություն ցանկացավ ներկայացնել Շանթ և Շահեն Հարությունյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը թույլ չտվեց, ինչը առաջացրեց դահլիճի ու մասնավորապես՝ պաշտպանի զայրույթը:
«Ես պետք է միջնորդություն ներկայացնեմ ակնհայտ կեղծ դատավարությունը նորից սկսելու համար, Դուք ինձ թույլ չեք տալիս, դրանով իսկ ցույց տալով Ձեր վերաբերմունքը գործի հանդեպ»,- ասաց պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Դատավորը վերջինիս նախազգուշացրեց, որ 2-րդ անգամ իրեն ընդհատելու դեպքում դատական սանկցիա կկիրառի, որից հետո պաշտպանը շարունակեց. «Դուք գործի հանդեպ կանխակալ վերաբերմունք ունեք, ո՞նց է մի պաշտպանին կարելի է միջնորդություն ներկայացնել, մյուսին՝ ո՞չ: Պատճառն այն է, որ մեկը իրեն մեղավոր էր ճանաչելու, իսկ մենք ոչ…չի կարելի պարոն դատավոր»:
Ի վերջո, պաշտպան Ինեսա Պետրոսյանի նկատմամբ դատարանը նախազգուշական սանկցիա կիրառեց: Այս իրավիճակից վրդովվեց Շանթ Հարությունյանը. «Էս կարողա՞ պաշտպանիս էլ դատեք ինձ պաշտպանելու համար»:










