Եռյակի ուժերը ծանրակշիռ կարգավիճակ ունեն. եթե այս հանրահավաքում էլ ոչինչ չստացվի, կթեթևանան. Մանուչարյան
Tert.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն, անդրադառնալով խորհրդարանական ոչ իշխանական եռյակի անցկացրած հանրահավաքին, կարևոր համարեց այն, որ հավաքվել է նաև ժողովուրդը:
«Անկախ նրանից, թե եռյակից ամեն մեկի մտքին ինչ է, ինչ ապարատային կամ այլ խնդիրներ կան, կարևորն այն է, որ ժողովրդին հանել են դուրս: Ժողովուրդը տեսավ, որ ինքն ի վիճակի է հավաքվել: Դրական է, որ ժողովուրդ է հավաքվում, քանի որ մեր երկիրն այս վիճակում չպետք է մնա, պետք է դուրս գա, և այդ դեղատոմսը ժողովրդի ամբողջական ընդվզումն է: Ցանկացած փոփոխություն պետք է առանց ցնցումների լինի, մենք ոչ մի կերպ չենք կարող թույլ տալ, որ որևէ ցնցում լինի»,-ասաց Աշոտ Մանուչարյանը:
«Մի կողմից՝ մենք տեղում չպետք է մնանք, և այս համակարգը չպետք է փոխվի, այդ իմաստով եռյակը դրական բան է արել, և ով էլ այդ հարցը բարձրացներ, դրական բան արած կլիներ: Իսկ ինչ վերաբերում է արդեն երկրորդ մասին, ապա պետք է տեսնել, թե ինչ կլինի դրանից հետո: Ասենք թե՝ գլորեցին Մսրա քարը, այսօրվա իշխանությունը գլորեցին, բայց իշխանական համակարգն ավելի բարդ է, հենց իրենք էլ կարող են ստեղծել այդ համակարգը, բայց պետք է նայել՝ մարդիկ ունա՞կ են դա անել, թե՞ ոչ: Մեջս մեծ կասկածներ կան դրա հետ կապված, որովհետև այնտեղ մարդիկ կան, ովքեր նվիրական, ազնիվ են և այլն, բայց կան մարդիկ, ովքեր փող աշխատող, թալանող և այլնի մեջ են եղել, նրանք պետք է նույն տրամաբանությունը մեծացնեն: Մեզ պետք է ինքնակազմակերպված և ինքնակառավարվող ժողովուրդ, որը կթելադրի, և այդ ժամանակ ով էլ լինի իշխանավոր, ժողովրդի թելադրանքը հերիք կլինի, որ նա հրաժարվի այդ ավազակությունից կամ երկու վայրկյան էլ այդ տեղում չի մնա: Դրա համար շատ կարևոր է ժողովրդին կազմակերպել՝ ապագան կառուցելու համար»,-նշեց Աշոտ Մանուչարյանը:
Իսկ ինչ վերաբերում է արդեն հաջորդ հանրահավաքներին, որոնք խոստացել է եռյակը, Աշոտ Մանուչարյանն ասաց, թե այդ քաղաքական ուժերն ունեն ծանրակշիռ ուժի կարգավիճակ. «Եվ ես չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկն ուզում է թեթևանա մեկ ակնթարթում: Եթե այս ամեն ինչն ավարտվի ոչ մի բանով, ապա նրանք կատեգորիայով միանգամից կանցնեն տասն անգամ թեթև ուժի: Նրանք դա շատ լավ գիտակցում են»:










