Վերջին տարիների բարեփոխումները 5-6 տարով երիտասարդացրել են գիտությունը. ԿԳՆ ԳՊԿ նախագահ

11:39 • 15.10.14

Գիտության զարգացման ռազմավարության ծրագիրը կարևոր և արժեքավոր փաստաթուղթ է, որն արդեն որոշակի պտուղներ է տվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ընդգծեց ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և հավելեց. «Անկախության տարիներից մինչև 2008թ-ը գիտության ոլորտում ընդամենը մի քանի որոշում է եղել, իսկ 2008թ-ից մինչ օրս ոլորտին առնչվող 30 միջազգային համաձայնագիր է ստորագրվել, Կառավարության և վարչապետի ավելի քան 40 որոշում է ընդունվել: Որոշումների զգալի մասը համակարգաստեղծ նշանակության որոշումներ են: Ընդունվել է մեկ օրենք, երկու օրենք էլ Ազգային ժողովում է: Ընդունվել է մեգածրագրերի իրականացման մասին երկու որոշում, դրանք են CANDLE-ը և միջուկային բժշկության ծրագիրը» : Սամվել Հարությունյանը ավելացրեց նաև, որ գիտության ոլորտում վերջին 4-5 տարիներին Կառավարության կողմից ավելի շատ որոշումներ են ընդունվել, քան նախորդ 15 տարվա ընթացքում:


- Պարո՛ն Հարությունյան, գիտնականները հաճախ են բարձրաձայնում, որ իրենք առաջարկում են նախագծեր, օրինակ՝ վերականգնվող էներգետիկայի հետ կապված, բայց պետությունը մերժում է:


- Դուք խոսում եք գիտական արդյունքի առևտրայնացման մասին: Այն է՝ ունես գիտական արդյունք , որը պետք է ներդնես տնտեսության մեջ, կիրառես և ստանաս շահույթ: Հայաստանում, իրոք, այս հարցը շատ ցավոտ է: Որպեսզի կարողանանք առևտրայնացնել գիտական արդյունքը , անհրաժեշտ են մի քանի պայմաններ: Նախ, մասնավոր բիզնեսի կողմից գիտնականի կատարած աշխատանքի, նրան աջակցելու գիտակցում պետք է լինի, որը, ցավոք, մասնավոր հատվածի ներկայացուցիչների մոտ առկա չէ: Այսինքն՝ մեզ մոտ ոչ այնքան գրագետ կապիտալիզմ է զարգանում և բիզնես ունեցողը գերադասում է տեխնոլոգիաներ գնել դրսից, որպեսզի հնարավորինս շուտ շահույթ ստանա: Մինչդեռ տնտեսվարողը պետք է գիտակցի, որ մեր գիտնականին պատվեր տալու դեպքում այն ավելի էժան է լինում և միևնույն ժամանակ օգնում ես քո պետությանն ու քո գիտնականին: Այս գիտակցությունը չկա մեր տնտեսվարողների մոտ, և դրա համար ժամանակ է պետք:


Միաժամանակ պետության կողմից քայլեր են անհրաժեշտ: Պետությունը պետք է կարողանա պայմաններ ստեղծել, որպեսզի մասնավորին ձեռնտու լինի աշխատել սեփական գիտնականի հետ: Այս հարցում ԳՊԿ-ն առաջին քայլն արել է: Արդեն երկրորդ անգամ իրականացնում ենք ինովացիոն ծրագրերի մրցույթ, որի պայմանը հետևյալն է. մասնավոր բիզնեսին առաջարկում ենք փորձակոնստրուկտորական տիպի գիտական ծրագրեր, որոնց ապրանքայնացման հնարավորությունները բավականին մեծ են: Պայմանները, որն առաջարկվում է մասնավոր բիզնեսին, շատ գայթակղիչ են: Պետությունը փորձակոնստրուկտորական բնույթի ծրագրի իրականացման համար վճարում է ծրագրի արժեքի 85 տոկոսը, իսկ մնացած 15 տոկոսը առաջարկվում է մասնավորին վճարել: Ծրագրի հաջող ավարտի պարագայում մասնավորը պետությանը հավասար իրավունքներով կարող է տնօրինել գիտական արդյունքը: Առաջին մրցույթին 43 նախագիծ մասնակցեց, շահեց 17-ը, որից 10 բավականին լուրջ առևտրայնացման նախադրյալներ ունեին։ Այն այսօր հանձնված է Էկոնոմիկայի նախարարությանը` ի տնօրինություն: Դրանք կարող են վաճառվել որպես պատրաստի տեխնոլոգիաներ կամ կարող են կիրառվել մեր տնտեսության մեջ: Ի դեպ , ծրագրերից երկուսը մասնավոր ներդրողը արդեն իսկ կիրառում է ի շահ իր սեփական բիզնեսի: Այս տարի նույնպես իրականացվեց նմանատիպ մրցույթ, սակայն այս անգամ մրցույթի պայմանները փոքր-ինչ խստացվել էին: Առաջարկվել է հետևյալ պայմանը` 25 տոկոսը տալիս է գործարարը, 75 տոկոսը՝ պետությունը: Մնացած պայմանները նույնն են: Այս անգամ էլ մասնակցեց 40 ծրագիր, որից 16-ը որոշվեց ֆինանսավորել:


Սովորաբար կիրառական արժեք ունեցող գիտական ծրագրերը իրականցվում են երեք փուլով` ծրագրի ձևակերպման և հետազոտական աշխատանքների փուլ, ծրագրի փորձակոնստրուկտորական նախադրյալների պարզաբանման և հետագա իրականացման փուլ և վերջապես ծրագրի առևտրայնացման փուլ: Շատ հաճախ ծրագիրը ավարտվում է հենց առաջին փուլից հետո: Նման դեպքերում ասում են , որ ծրագիրը չունի առևտրայնացման հեռանկարներ և ավելորդ է իրականացնել փորձակոնստրուկտորական աշխատանքներ: Լինում են դեպքեր, որ ծրագիրը ավարտվում է երկրորդ փուլից հետո: Դա լինում է այն ժամանակ, երբ պարզվում է, որ առևտրայնացման համար կապիտալ ներդրումները տնտեսապես ձեռնտու չեն կամ տվյալ երկրում նպատակահարմար չէ այն իրականացնել: Նման դեպքերում սովորաբար տեխնոլոգիան ներկայացվում է վաճառքի:


Գիտության պետական կոմիտեն լիազորված է իրականացնել կիրառական ծրագրերի առաջին երկու փուլերը: Երրորդ փուլը Էկոնոմիկայի նախարարության լիազորությունների շրջանակում է: Կարծում եմ, այսօրվա Հայաստանի Հանրապետությունն իր տնտեսության սահմանափակ հնարավորություններով ի վիճակի չէ շատ մշակումներ կիրառել իր սեփական տնտեսության մեջ, այդ իսկ պատճառով կարծում եմ կարելի է ավելի ակտիվ աշխատել նոր տեխնոլոգիաների ստեղծման և վաճառելու ուղղությամբ: Նման վարքագիծ դրսևորեց Իսրայելը անցած դարի 70-ական թվականներին և այսօր, մասնավորապես դեղագործության ոլորտում, տիրապետում է մեծ թվով տեխնոլոգիաների. դրանք և՛ վաճառում է, և՛ միաժամանակ օգտագործում:


-Իսկ ծերացող գիտությունը և գիտական լավ կադրերի արտահոսքը խնդիր չէ՞։


-Նախևառաջ, գիտնականների թվաքանակը խորհրդային ժամանակներում և հիմա չեն կարող տարբեր չլինել: Խորհրդային ժամանակներում Հայաստանում մոտ 33 000 գիտնական է եղել, այսօր Հայաստանում գիտությամբ զբաղվողների թվաքանակը 7 000-ի է հասնում, այսինքն՝ գրեթե 5 անգամ նվազել է։


-Սա վատ ցուցանիշ չէ՞:


-Խնդիրն այն է, որ 33 000 գիտնական այն ժամանակ ծառայում էր Սովետական Միությանը, այսինքն՝ մեր գիտնականը, մեր հետազոտական ինստիտուտների 70 տոկոսը կիրառական գիտությամբ էին զբաղվում և ունեին միութենական նշանակություն: Օրինակ՝ Ֆիզիկայի ինստիտուտը , մաթեմատիկական մեքենաների և այլ բազմաթիվ ինստիտուտներ միութենական նշանակության ինստիտուտներ էին, այսինքն՝ այդ հիմնարկները ծառայում էին գերտերությանը։ Միայն Հայաստանի համար դա շատ մեծ թիվ է, իսկ Խորհրդային Միության համար՝ նորմալ։ Հիմա մենք ունենք 7000 աշխատող, որից 4000-ն է գիտնական, մյուս 3 000-ը սպասարկող անձնակազմն է, և այդ 4000-ը մեր պետության համար նորմալ թիվ է։ Մենք խնդիր ունենք գիտնականների տարիքի հետ կապված: Մեզ մոտ դոկտորների միջին տարիքը 60-ից անց է, իսկ թեկնածուներինը՝ 55-ից անց: Սա նորմալ ցուցանիշ չէ, և խոսում է գիտության ծերացման մասին, չնայած գիտության ոլորտում վերջին 4-5 տարիներին իրականացրած բարեփոխումները 5-6 տարով երիտասարդացրել են գիտությունը, ինչն, ըստ իս, բավականին լավ արդյունք է:


-Այնուամենայնիվ երկրից գնում են որակյալ ու երիտասարդ կադրերը։


- Իհարկե, երբ գիտնականը գնում է և չի վերադառնում, դա մեծ ցավ է, բայց եկեք ուրիշ տեսանկյունից նայենք. երկրում սոցիալական ծանր խնդիրներ ունենք: Իտալիան, որը բարեկեցիկ երկիր է համարվում, այդ երկրի քաղաքացին, եթե բարձր աշխատավարձի առաջարկ է ստանում, գնում է օրինակ՝ Միացյալ Նահանգներ, բայց կապերը իր նախկին լաբորատորիայի հետ շարունակվում է: Նույնը մեզ մոտ է: Եթե ուշադրություն դարձնեք՝ վերջին 15-20 տարիների ընթացքում մեր հանրապետությունից դուրս գնացած գիտնականների զգալի մասը մեզ հետ սերտ համագործակցում է: Եվ «Հայ գիտնականների համախմբման» ծրագիրը , որն ընդունվեց Կառավարության կողմից, և այն դրամաշնորհները , որ մենք այսօր ունենք, հիմնականում ստացվել են մեր նախկին աշխատողների գործադրած ջանքերի շնորհիվ, այն գիտնականների, որոնք նախկինում աշխատում էին Հայաստանում և հիմա դարձել են աշխարհի լավագույն լաբորատորիաների աշխատակիցներ և մեզ հետ սերտորեն համագործակցում են: Մեր պետության ամենակարևոր խնդիրներից մեկն այսօր պետք է այն լինի, որ ունենանք հստակ պետական ծրագիր , որի շնորհիվ այնպես անենք, որ լավ գիտնականների գոնե մի մասը վերադառնա հայրենիք և այստեղ աշխատի: Այստեղ ստեղծենք նորմալ պայմաններ, որ մարդը կարողանա իր ընտանիքը կերակրել: Եվ շատ հաճախ, դուրս գնացող գիտնականը համաձայն է այստեղ 1000 դոլարով աշխատել, քան դրսում՝ 5000 եվրոյով: Ինքս արտասահմանում եմ աշխատել. 4 տարի աշխատել եմ Ֆլորենցիայի համալսարանում՝ շատ բարձր աշխատավարձով: Գերադասել եմ վերադառնալ և իմ գործն անել Հայաստանում: Եվ շատ շատերը կան, որ այդպես են վարվում: Եվ եթե մեր տաղանդավոր , երիտասարդ գիտնականներին կարողանանք գոնե 1000-1500 դոլար աշխատավարձ վճարել, հույս ունեմ, որ նրանց զգալի մասը հետ է վերադառնալու: Այ, մեր հիմնական խնդիրը հիմա դա է:


-Գիտական կոչումների մասին խոսենք, եթե կարելի է:


-Գիտական կոչումներով զբաղվում է Կրթության և գիտության նախարարությունն ու Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ), սակայն ես իմ կարծիքը գիտական աստիճանաշնորհման համակարգի և գիտական աստիճանների մասին բազմիցս նշել եմ: Կարող եմ մեկ անգամ ևս այն կրկնել. կարծում են գիտական երկու աստիճան ունենալը ավելորդություն է: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչ ասել է գիտության թեկնածու: Ենթադրում եմ, որ ապագայում թեկնածուական դիսերտացիաների մակարդակը պետք է բարձրացնել, մոտեցնել դոկտորականին, և միանգամից դոկտորի կոչում տալ: Ինչ վերաբերվում է ԲՈՀ-ին, ապա կարծում եմ գիտական աստիճանաշնորհման համակարգում որոշակի բարեփոխումներ իրականացնելուց հետո ԲՈՀ-ի լիազորությունները կամաց-կամաց անհրաժեշտ է փոխանցել գիտական բարձր վարկանիշ ունեցող ԲՈւՀ-երին կամ գիտական հիմնարկներին: Ռուսաստանն, օրինակ, այդ հարցում առաջին քայլն արդեն արել է: Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանները ունեն գիտական աստիճաններ շնորհելու համապատասխան լիազորություններ: Պետք չէ վախենալ, թե կսկսվի թեկնածուների և դոկտորների դիպլոմների համատարած առևտուր: Չեմ կարծում, որ օրինակ՝ Երևանի պետական համալսարանի նման բարձր վարկանիշ ունեցող հիմնարկը իրեն նման բան թույլ տա: Վերջին հաշվով առողջ մրցակցության պայմաններում այդ արատավոր երևույթները չեն կարող չվերանալ: Եթե, օրինակ, դու գիտական աստիճան ես ստացել ԵՊՀ-ում կամ Ֆիզիկայի ինստիտուտում, դա նշանակում է գործ ունենք լուրջ գիտնականի հետ, իսկ եթե պաշտպանել ես, ասենք՝ Գորիսի ինչ-որ մասնավոր , գիտական հանրությանը անհայտ բուհում, ապա դու չես կարող այն օգտագործել որևէ լուրջ գիտական կամ գիտակրթական հիմնարկում:


-Հենց այդ կոչմանն էլ ուզում էի անդրադառնալ` պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր…


-Այդպիսի գիտական աստիճան Հայաստանում գոյություն չունի:


-Կրկին անդրադառնանք գիտնականներին…


-Մեր գիտական հանրությունը մի քիչ տարբերվում է մեր ժողովրդի մնացյալ հատվածից: Գիտնականներն ավելի քիչ հայրենասեր չեն: Այսօրվա ծանր պայմաններում մնալ և արարել Հայաստանում, կարծում եմ, անչափ կարևոր է և անհրաժեշտ մեր պետությանը: Գիտնականները ավելի նրբազգաց են, ավելի շուտ ոգևորվում և ավելի շուտ վիրավորվում են: Կուզենայի, որ գիտնականի նկատմամբ վերաբերմունքը փոխվեր: Այնպիսի իրավիճակում հայտնվենք, որ գիտնականը կամաց-կամաց նույն արժեքն ունենար, ինչ խորհրդային ժամանակներում է եղել: Այն տարիներին շատ բարձր պատիվ էր լինել գիտության թեկնածու: Երևի թե դա ապագայի խնդիր է: Մեր գիտական հանրությունն էլ պետք է համբերատար լինի, ըմբռնումով վերաբերվի մեր, կարծում եմ, ժամանակավոր դժվարություններին և գործուն աջակցություն ցուցաբերի այսօր իրականացվող բարեփոխումներին, որպեսզի այդ դժվարությունները հնարավորինս շուտ ավարտվեն: