Քննչական կոմիտեում չեն նշանակվել այն քննիչները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել. Սոնա Տռուզյան

19:18 • 15.10.14

Սպասելի էր, որ Քննչական կոմիտեի՝ որպես անկախ համակարգի կայացման, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը անհանգստանալու տեղիք են տալու որոշ շրջանակների, ինչն իր արտացոլանքը կարող է ստանալ նաև որոշ ԶԼՄ-ներում։ Արձագանքելով մամուլի այն հրապարակմանը, թե քննչական կոմիտեն ընտրողաբար է կադրեր վերցնում ոստիկանության և ՊՆ-ի քննչականից՝ Tert.am-ին այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ ավելացնելով, որ «Քննչական կոմիտեն չի կարող ժամանակ վատնել մերկապարանոց և արհեստածին նյութերին արձագանքելու համար»։

 

« Կոմիտեի առջև դրված են հստակ խնդիրներ՝ բարձրացնել քննության արդյունավետությունը, կայացնել քննչական համակարգը, ինչը պետք է օժանդակի արդարադատության իրականացմանը, և այս ուղղությամբ հետևողական աշխատանքները շարունակվելու են։ Լիահույս եմ, որ նման հրապարակումները չեն կարող ստվերել այդ գործընթացը։

 

Քննչական կոմիտեի մասին օրենքի ընդունմամբ հատուկ ուշադրություն է դարձվել քննիչների մասնագիտական գիտելիքների բարձրացման վրա։ Քննչական կոմիտեիում քննիչները հիմնականում վերանշանակվել են՝ օրենքով սահմանված կարգով։ Իսկ տեղեկատվության կարգով նշեմ, որ ոստիկանության համակարգի քննիչներից քննչական կոմիտեում չեն նշանակվել 38 հոգի՝ տարբեր պատճառներով. մի մասը ցանկացել է ծառայությունը շարունակել ոստիկանության համակարգում և ոստիկանությունում նշանակվել է այլ պաշտոնի, ոմանք օգտվել են երկարատև ծառայության կենսաթոշակի անցնելու իրենց իրավունքից, իսկ ոմանք էլ չեն նշանակվել՝ հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նրանց նկատմամբ քննվող քրեական գործերի առկայությունը, դեռևս ոստիկանության համակարգում իրականացված ծառայողական քննությունների արդյունքները և որակական հատկանիշները»,-ասաց Սոնա Տռուզյանը։